Համընդհանուր բարեկեցությունը և սոցիալական արդարությունը մարդկության պատմությունը մշտապես ուղեկցող երևույթներ են, սակայն ոչ թե որպես ակտուալ երևույթներ, այլ ավելի շուտ իբրև իդեալներ, որոնց տարբեր ժամանակահատվածներում այս կամ այն հասարակությունը մոտենում է կամ հեռանում: Այս իմաստով ավելի շուտ պետք է խոսել ոչ թե սոցիալական արդարության և համընդհանուր բարեկեցության այս կամ այն մոդելի՝ մյուսներից լավը կամ վատը լինելու մասին, այլ թե որքանով է այն մոտ իդեալին: Իդեալն, իր հերթին, քիչ թե շատ հասանելի է դառնում այն դեպքում, երբ ձևակերպվում է ռացիոնալ մտածողության շրջանակներում: Այդ դեպքում է միայն, երբ հնարավոր է ունենալ բարեկեցության և արդարության ընդհանուր-հասարակական չափանիշներ և սկզբունքներ, որոնք զերծ կլինեն իռացիոնալ բովանդակությունից:
Այդ ռացիոնալ մոդելն, իր հերթին, պետք է անընդհատ ենթարկվի ռեֆլեքսիայի, որպեսզի յուրաքանչյուր ժամանակահատվածում հնարավորություն տա մարդկանց զարգանալ, ապրել ազատ և անխռով: Բնականաբար, այդ ինտելեկտուալ աշխատանքը չեն կարող անել բոլորը, հետևապես դա փոքրաթիվ մարդկանց գործն է, ովքեր շատ են գիտակցում, որ, օրինակ, արդարության և բարեկեցության ընդհանուր պայմանները պարտադիր չէ, որ լինեն ճշմարիտ, այլ պարտադիր է, որ լինեն ընդհանուր համաձայնության արդյունք: Առօրեական մտածողություն ունեցող մեծամասնությունը արդարության մեջ փնտրում է ճշմարտություն, մինչդեռ սոցիալական արդարությունը նախևառաջ հանրության համաձայնություն է ենթադրում:
Մյուս կողմից, նրանք, ովքեր չեն մասնակցում այդ չափանիշների, գաղափարների ստեղծմանը, պետք է գիտակցեն, որ դրանց ընդունումն անհրաժեշտ է առաջին հերթին հենց իրենց՝ սեփական նպատակների և շահերի իրացման համար:
Կարելի է ձևակերպել սոցիալական արդարության կոնկրետ պայմաններ, որոնցից թերևս ամենակարևորը դրանց համընդհանուր բնույթն է, երկրորդը՝ դրանց ընդունումը բոլորի և յուրաքանչյուրի համաձայնության դեպքում և երրորդը՝ դրանց ընդունման հրապարակային բնույթը: Այս դեպքում մարդկանց միջև անհավասարությունը չի խանգարում նրանց գալ համաձայության:
Ենթադրվում է, որ այդ պայմանները կամ գաղափարները բխում են մարդու բանական էությունից: Այսինքն, կարելի է խոսել ոչ թե սոցիալական արդարության, այլ դրա շուրջ ռացիոնալ համաձայնության մասին: Հայաստանում նույնպես այդ խնդիրը դեռ լուծված չէ, թեպետ լուծման անհրաժեշտությունն ավելի ու ավելի է զգացվում:
Սոցիալական արդարությունը համընդհանուր բարեկեցության անբաժանելի մաս է կազմում, առանց որի դժվար է պատկերացնել բարեկեցիկ հասարակություն զուտ տնտեսական հիմքերով: Համընդհանուր բարեկեցության տարբերություններից մեկը կայանում է նրանում, որ այն չափելի է նախորդ ժամանակահատավածի կամ հասարակարգի հետ համեմատ: Մինչդեռ արդարության գաղափարը ստեղծվել և սոցիալական պրակտիկայում ներդրվել է մարդկանց կողմից ցույց տալու համար համակեցության այն կանոնները, որոնք չեն խանգարում բոլորին և յուրաքանչյուրին հասնել իր շահերի և նպատակների իրականացմանը:
Անհրաժեշտ է տարբերել ընդհանուր արդարությունը համահավասարեցնող հավասարությունից, որովհետև վերջինս ժամանակի ընթացքում անխուսափելիորեն առաջացնում է ավտորիտար և տոտալիտար համակարգեր: Դեռ ավելին, իշխանությունը չի մասնակցում սոցիալական արդարության ձևակերպմանը որպես դատավոր, այլ հիմնվում է բոլորի ընդունված արդարության ընկալումների վրա: Ըստ Արիստոտելի՝ արդարությունը բարիք է ուրիշի համար: Այս ձևակերպմամբ նա ընդգծել է արդարության կիրառման երկու մեծ ոլորտները՝ քաղաքականություն և էթիկա: Ըստ նրա, սոցիալական արդարության ապահովումը պետության առաջնային խնդիրներից է, համընդհանուր բարեկեցության հետ միաժամանակ: Սրանից հետևում է, որ սոցիալական արդարությունը մի կողմից գործ ունի բոլորի հավասար իրավունքների հետ, մյուս կողմից՝ մարդկանց միջև անհավասարությունները ոչ թե մասնավոր, այլ ընդհանուր բարիքին ծառայեցնելու հետ:
Որպես համընդհանուր բարեկեցության օրինակ մասնագիտական գրականության մեջ հաճախ բերվում է Շվեդիան, որի հասարակության բարձր կենսամակարդակն ապահովում են մի շարք գործոններ: Օրինակ, Շվեդիայում գործում է «հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն» սկզբունքը, որի համաձայն գործատուները նույն աշխատանքի դիմաց պարտավոր են վճարել նույն գումարը՝ անկախ նրանից, աշխատանքն անում է բարձր որակավորում ունեցող մասնագետը, թե սկսնակ աշխատողը:
Առհասարակ համընդհանուր բարեկեցության սկզբունքը ենթադրում է, որ պետությունը ազգաբնակչության պաշտպանության, զարգացման և բարեկեցության ապահովման հարցում առանցքային նշանակություն ունի: Այս սկզբունքը հիմնվում է հնարավորությունների հավասարության, ռեսուրսների արդարացի բաշխման և բոլորի համար կյանքի նվազագույն պայմանների ապահովման վրա: Որպես հաջողված օրինակներ դիտարկվում են Սկանդինավյան երկրները, ինչպես նաև Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակներում համընդհանուր բարեկեցության հայեցակարգը հաճախ ենթարկվում է քննադատության, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, այդ հասարակություններում աճում է պետության հաշվին ապրող մարդկանց թվաքանակը, ովքեր ժամանակի ընթացքում զրկվում են նախաձեռնողականությունից և իրենց խնդիրների լուծումն ամբողջությամբ վերագրում են պետությանը: