1.1 Պահպանողական գաղափարախոսության ծագումնաբանությունը
Գաղափարախոսությունը քաղաքագիտական հետազոտությունների մեջ ամենահակասակական հասկացություններից մեկն է: Այսօր այս եզրույթն օգտագործվում է չեզոք ձևով` որպես սոցիալական փիլիսոփայության կամ աշխարհայացքի արտայայտման ձև:
Հասարակագիտական տեսանկյունից գաղափարախոսությունը փոխկապակցված գաղափարների միավոր է, համակարգ, որը տրամարդում է կազմակերպված քաղաքական գործունեության համար անհրաժեշտ հիմք: Բոլոր գաղափարախոսւթյունները առաջարկում են գոյություն ունեցող կարգի բարելավման իրենց մոտեցումները, ցանկալի ապագայի և լավ հասարակության իրենց տեսլականն ու մոդելը: Գաղափարախոսությունները մեկուսացված և առանձին համակարգեր չեն, ընդհակառակը նրանք ունակ են փոխներթափանցման:
Պահպանողականության շատ հեղինակների համար պահպանողական մտքի իրական հեղեղի պատճառը ֆրանսիական հեղափոխությունն էր։ Ֆրանսիական դեպքերն էին, որ Էդմունդ Բյորքի հայտնի մտքերին ծնունդ տվեցին: Սակայն, բուն տերմինը 1800-ականների սկզբին առաջարկել է Շատոբրիան։ Այնուամենայնիվ, շատ հեղինակներ պահպանողական գաղափարախոսության փիլիսոփայական սաղմերը տեսնում են 1789-ին նախորդած դարերի ընթացքում ստեղծված գրականությունում։
Պահպանողականության գաղափարական սաղմերը կարելի է գտնել հունահռոմեական փիլիսոփայական մտքում։ Պլատոնը և հռոմեակաան ստոյիկներն ամենաշատ մեջբերվողն են այս համատեքստում։ Տարբեր հեղինակներ հղում են կատարում Պլատոնի «Հանրապետությանը»։ Հաջորդող դարերի ընթացքում, հատկապես քրիտոնեության տարածմանը հաջորդած շրջանում, ինչպես նաև միջնադարյան փիլիսոփայական մտքում ևս կարելի է հանդիպել պահպանողականության առանցքային սկզբունքներին առնչվող նախատիպային մոտեցումների։ Նիսբեթը, օրինակ, ամբողջ 19-րդ և 20-րդ դարերի պ֊ահպանողական շարժումը համարում է որպես ձգտում վերականգնելու միջնադարը։ Նիսբեթի համար սխալ է տեսնել Բյորքին որպես վիգ։ Բյորքը, ըստ նրա, փորձում էր վերականեդանացնել տեղական համայնքերը և միջնադարյան ավատատիրական հասարակարգի կառուցվածքը։
Ֆեիլինգը և Սեսիլը դիտարկում են Ռեֆորմացիան որպես պահպանողականության աղբյուր, իսկ Քվինթոն և Էքլեշալը սկսում են Ռիչարդ Հուքերից։ Էքլեշալի համար Հուքերը կոնսերվատիզմի հայրն է։ Ըստ նրա՝ Հուքերի թողած ժառանգությունն է նպաստել թորիների ձևավորմանը։ Նա զուգահեռ է անցկացնում Հուքերի՝ պուրիտանների վրա հարձակման և Բյորքի՝ Յակոբինյանների նկատմամբ քննադատությունների միջև։
18-րդ դարը նշանավորող մեկ այլ փիլիսոփա, ով նույնպես պահպանողական մտքի ձևավորման վրա մեծ ազդեցոթություն է թողել, Դեյվիդ Հյումն է, չնայած, որ նա հաճախ դիտվում է որպես ազատականության ջատագով։ Հյումի շուրջ կան տարակարծություններ։ Ոմանք նրան դիտում են որպես պահպանողական մտքի մեծ ներշնչող։ Ընդդիմախոսները, հատկապես Յան Գիլմուրը, կասկած է հայտնում Հյումի պահպանողական լինելու մեջ։
1789-1914 թթ, համարվում են որպես պահպանողական֊ության մտքի և գործունեության ակտիվ զարգացման շրջան։ Բյորքի աշխատությունով և տերմինի ձևավորմամբ նշանավորեց դարասկիզբը։ Բյորքի մոտեցումը պահպանողականությանը առ այսօր շարունակում է մնալ համակիրների և ընդդիմադիրների համար առանցքային։
1.2. Հիմնական դրսևորումները
Տնտեսական ազատությունները շեշտադրող ազատականությանը և սոցիալական հավասարությունները շեշտադրող սոցիալիզմին պահպանողականությունը հակադրում է գաղափարական իր սկզբունքները՝ հավատարմությունն ավանդական հոգևոր–մշակութային արժեքներին, սոցիալական կարգին ու ինստիտուտներին, որոնք, պահպանողականների համոզմամբ, ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունն ու արդյունավետությունը։ Ի տարբերություն ազատականների` պահպանողականները պետությունը և հասարակությունը համարում են ոչ թե քաղաքացիների միջև համաձայնության, այլ բնական էվոլյուցիայի արդյունք։ Ի տարբերություն սոցիալիզմի, ավանդական պահպանողականները կտրականապես դեմ են արմատական–հեղափոխական բարեփոխումներին, որոնք նրանք համարում են ծայրահեղականություն, և փոխարենը կարևորում են առկա պետական և հասարակական կարգն ու կայունությունը։ Տնտեսության ոլորտում ավանդական պահպանողականությունը շեշտադրում է մասնավոր սեփականությունը, շուկան և ձեռներեցությունը, իսկ քաղաքականության ոլորտում՝ ուժեղ պետությունը, էլիտաների իշխանությունը և քաղաքացիների գիտակցված լոյալությունը։
Պահպանողականության առանցքային գաղափարները
Ավանդապահություն |
Հարգանքը սովորույթների, ավանդույթների, անցյալի ընտանեկան և կրոնական արժեքների՝ որպես հասարակության կայունության հիմքերի նկատմամբ։ |
Պրագմատիզմ |
Մտածողության վերացական սկզբունքների և համակարգերի փոխարեն՝ հավատ փորձառության, անցյալի և պրագմատիզմի նկատմամբ։ Գործողությունները պետք է հիմնվեն առկա հանգամանքների և սահմանված նպատակների վրա։ |
Մարդու անկատարություն |
Մարդը սահմանափակ, կախված և եսասեր էակ է, միայն սոցիալական կոշտ հսկողությունը կարող է նրան դրդել գործել հանուն ընդհանուր բարօրության։ |
Օրգանականություն |
Հասարակությունը բնական անհրաժեշտությունից ծնված օրգանական ամբողջություն է՝ բաղկացած օրգան–ինստիտուտներից (ընտանիք, տեղական համայնքներ, ազգ և այլն), որոնց բնականոն գործառնությունը հիմնված է ընդհանուր արժեքների և մշակույթի վրա։ |
Աստիճանակարգություն |
Հասարակության ներսում սոցիալական տարբեր դերերի, դիրքերի ու կարգավիճակների, ինչպես նաև դրանցով պայմանավորված սոցիալական անհավասարությունը բնական են ու անհրաժեշտ։ |
Կարգ |
Հասարակությունը կարող է գոյություն ունենալ ու բնականոն գործառնել՝ միայն «վերևից»՝ պետության կողմից հաստատված կարգի շնորհիվ։ Ընտանիքի հոր նման՝ պետությունը պետք է խնամի և վերահսկի անհատին, ուստի պետական արժեքները գերակա են անհատական շահերի նկատմամբ։ |
Սեփականություն |
Սեփականության առկայությունը կենսական է, քանի որ այն մարդկանց տալիս է անվտանգություն և անկախություն կառավարությունից, ինչպես նաև դրդում է մարդկանց՝ լինել օրինապահ և հարգել այլ մարդկանց սեփականությունը։ |
Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ՝ Պահպանողականություն_բուն