Play Video
ՀՌԱՀ-ի և Հանրայինի ազատագրման ժամանակը. Մեսրոպ Հարությունյան/ Լևոն Բարսեղյան

Հեռարձակման ոլորտի փոփոխությունները օրենքի փոփոխություններով է սկսվելու, որովհետև այսօր օրենքն այնքան սահմանափակումներ և մեխանիզմներ ունի, որ պետությանը հնարավորություն է տալիս մշտապես տոտալ վերահսկողություն սահմանելու և մասնավոր, և հանրային հեռուստաընկերությունների, ռադիոհեռարձակողների վրա: Այս օրենքը միակ օրենքն է, որի շուրջ իշխանությունները 20 տարվա ընթացքում որևէ համաձայնություն չեն արել: Սրա պատճառներից մեկն այն համոզմունքն էր, որ հեռուստատեսությունն այն բնագավառներից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի հանրության վրա և դրա վերահսկողության լծակները պետք է պահել իշխանության ձեռքում:

Իշխանությունները մասնակիորեն հրաժարվեցին տպագիր մամուլի վերահսկողությունից, սակայն նրանք համոզվել էին, որ իշխանության վերարտադրման կարևորագույն միջոցներից մեկը հեռարձակող լրատվամիջոցները կոշտ վերահսկելն էր: Այս գործընթացի առաջին «ծաղիկները» 2002թ.-ի ապրիլի 2-ին Գրիգոր Ամալյանի ղեկավարած հանձնաժողովի գնահատականներն էին, որի արդյունքում եթերազրկվեցին Նոյյան տապանը և Ա1+-ը: Սա ազդակ էր, որը զգուշացնում էր, որ եթե որևէ մեկը աջ կամ ձախ քայլ անի, դա ընկալվի որպես փախուստի փորձ և առանց նախազգուշացման կկրակեն: Այս տարիների ընթացքում հեռարձակողների խմբագրական տեքստերում որևէ ուղիղ քննադատություն չի հնչել իշխանության բարձրագույն դեմքերի հանդեպ: Բոլոր լրագրողները և խմբագիրները տեղյակ են եղել, որ գոյություն ունեն հստակ որոշված սահմաններ, որից այն կողմ անցնել չի կարելի:

Դիտեք նաև՝

Search