Նախագծային ուսուցումը կրթական գործընթացի կազմակերպման համեմատաբար նոր, բայց աշխարհում բավականին տարածված մեթոդ է։ Հայաստանում մինչև վերջին չափորոշչային փոփոխությունները նախագծային ուսուցում իրականացնում էին հիմնականում ոչ պետական դպրոցները, սակայն 2021թ․ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի համաձայն՝ 7-12-րդ դասարանների բոլոր աշակերտները տարեկան պետք է իրականացնեն առնվազն մեկ ուսումնական նախագիծ։ Ինչը նշանակում է, որ այս մեթոդով սովորեցնելու և սովորելու հմտություններ պետք է ունենան բոլոր ուսուցիչներն ու աշակերտները։
Նախագծային ուսումնառության մեթոդի առավելությունների, բարդությունների և քաղաքացիական կրթության հետ կապի մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ֆորմալ կրթության բաղադրիչի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Հաղորդաշարը նկարահանվել է 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։