Խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերներից մեկը տնտեսության վերականգնումն էր։ Թե՛ արդյունաբերությունը, թե՛ գյուղատնտեսությունը էական վնասներ էին կրել՝ հատկապես 1920 թվականի թուրքական արշավանքից հետո։ Խորհրդային մյուս հանրապետություններից և մասնավորապես Ռուսաստանից Հայաստանը զգալի օգնություն էր ակնկալում, սակայն տրամադրված աջակցությունը խիստ սահմանափակ էր։ Որպես խնդիրների լուծման միջոց՝ բոլշևիկները որդեգրեցին ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, որի նպատակը գյուղացիներին և ընդհանրապես բնակչությանը պատկանող ավելցուկ մթերքների բռնագրավումն էր` մարդկանց թողնելով միայն առօրյայում օգտագործվող ապրանքները։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գյուղացիության շրջանում նոր իշխանությունների նկատմամբ մեծ դժգոհությունների։
Խորհրդային իշխանությունը վարկաբեկող հաջորդ խնդիրը քաղաքական բռնություններն էին։ Չնայած նրան, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրում արձանագրվել էր, որ նախորդ կառավարության անդամները, այդ շրջանում պաշտոնավարած անձինք և զինվորականները իրենց նախընթաց գործունեության համար պատասխանատվության չպիտի ենթարկվեն, 1920 թվականի հունվարի սկզբից բռնությունների նոր շարք սկսվեց։ Առաջին հերթին բռնաճնշումների ենթարկվեցին սպաները, և շուրջ 1400 զինվորականներ աքսորվեցին Բաքու և խորհրդային Ռուսաստանի տարածք։
Այս բռնություններին ի պատասխան՝ նախկին դաշնակցական գործիչների ղեկավարությամբ սկսվեց բնակչության համատարած մոբիլիզացիան, և արդեն փետրվարի 16-ին Խորհրդային Հայաստանի տարածքում ապստամբություն ծագեց, որը կարճ ժամանակ անց վերաճեց հուժկու պոռթկման։ Արդյունքում՝ ապստամբները գրավեցին մայրաքաղաք Երևանը և այնտեղ հաստատեցին իրենց իշխանությունը։ Իշխանափոխության ընթացքում վերականգնվեց նախկին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ, և ստացավ Հայրենիքի փրկության կոմիտե անվանումը։
Փետրվարյան ապստամբությունը և Հայրենիքի փրկության կոմիտեի գործունեությունը միմյանցից որոշակիորեն տարբերվում են։ Մեկ դեպքում գործ ունենք մի ապստամբության հետ, որն ուղղված էր բռնությունների դեմ և նպատակ ուներ ազատագրել բանտարկված, մահի ճիրաններում գտնվող դաշնակցական գործիչներին և մտավորականներին, մյուս դեպքում՝ իշխանության ետևից ընկած Հայրենիքի փրկության կոմիտեի գործունեության և այնուհետև ծագած քաղաքացիական կռիվների հետ, որոնք պետության համար լրացուցիչ դժվարություններ ստեղծեցին, իսկ եղբայրասպան պատերազմի արձագանքները դեռ շատ երկար մնացին խորհրդային Հայաստանի բնակչության կյանքում։