Առաջին աշխարհամարտի նախօրյակին հայությանը մտահոգող էական խնդիրներից մեկը Արևմտյան Հայաստանի ճակատագիրն էր։ Արդեն 1912 թվականին սկսված Բալկանյան պատերազմները նոր ոգևորություն առաջացրին հայերի շրջանում։ Գևորգ 5-րդ կաթողիկոսը առանձին նամակով դիմեց Կովկասի փոխարքա Վորոնցով Դաշկովին՝ խնդրելով Ցարի առաջ բարձրացնել Արևմտյան Հայաստանում բնակվող հայության իրավունքների պաշտպանության, այնտեղ բարեփոխումներ կատարելու հարցը։ Հայերը հույս ունեին, որ Արևմտյան Հայաստանի տարածքում կարող են հասնել մասնակի ինքնավարության։
Պետերբուրգից եկած հրահանգի համաձայն՝ Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարեփոխումների մի նախագիծ, որով նախատեսվում էր արևմտահայկական նահանգների հիման վրա նոր վարչական միավոր ստեղծել։ Այն պետք է ունենար ներքին ինքնավարություն, իսկ նահանգապետը, որը նշանակվելու էր օսմանյան սուլթանի կողմից, պետք է լիներ քրիստոնյա։ Այս ծրագիրն արժանացավ նաև ֆրանսիացիների ու բրիտանացիների հավանությանը, բայց Օսմանյան կայսրության հետ արդեն դաշնակցող Գերմանիան և Ավստրո-Հունգարիան կտրուկ դեմ արտահայտվեցին, ինչի արդյունքում ծրագիրը մտավ վերափոխումների շրջան։
1914 թվականի հունվարի 26-ին հաստատվեց մի նոր ծրագիր, որով նախատեսվում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի՝ հիմնականում Վանի և Էրզրումի տարածաշրջաններում։ Ըստ այդ ծրագրի՝ նշանակվելու էին արդեն երկու եվրոպացի նահանգապետեր՝ ավելի քիչ իրավասություններով օժտված։ Բացի այդ, եթե առաջին նախագծով նախատեսվում էր անկանոն զորամասերի կամ Համիդիե գնդերի վերացում, ապա այս դեպքում Համիդիե գնդերն ուղղակի զրկվելու էին ոչ պատերազմական շրջանում զենք կրելու իրավունքից՝ փաստացի պահեստազորի դեր կատարելով։ Եվ ընդհանուր առմամբ, հայերի ինքնավարությունը, ազատությունները համեմատաբար սահմանափակ էին լինելու։ Այս ամենով հանդերձ՝ նշված իրավական ակտը հայության համար մեծ առաջընթաց էր, որը, սակայն, կյանքի չկոչվեց։ Երբ եվրոպացի երկու նահանգապետերը նոր էին ժամանել և փաստացի չէին անցել իրենց պարտականությունների կատարմանը, սկսվեց Առաջին աշխարհամարտը։