Անհրաժեշտ է արձանագրել երկու եղելություն: Առաջինը Հայաստանում հանրային համաձայնության լիարժեք խզումն է, երկրորդը՝ ապրելու, երկխոսություն կառուցելու որևէ տեսանելի ուղղության բացակայություն՝ իշխանության, ընդդիմության, ժողովրդի կողմից: Առկա են հետպատերազմյան և համավարակից բխող ծանր սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնց հաղթահարման ուղիները դեռ պարզ չեն:
Մեր հասարակությունում ավանդաբար չի եղել վստահություն սոցիալ-քաղաքական ինստիտուտների հանդեպ, փոխարենը, այդ վստահությունը եղել է միջանձնային հարաբերություններից հետո: 2018թ. տեղի ունեցած, հեղափոխություն կոչվող իրադարձությունների ընթացքում հետաքրքիր փոփոխություն նշմարվեց. վերականգնվեց վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների, իշխանության, պետության հանդեպ, և երկրում ստեղծվեց տրամադրությունների բավականին դրական ֆոն: Պետական ինստիտուտներից միանշանակ վստահություն կար միայն բանակի հանդեպ, և այդ վստահությունը միակ կետն էր, որի շուրջ հասարակության բոլոր կետերը համերաշխ էին: Սակայն, պատերազմի ավարտից հետո բանակի հանդեպ վստահության անկումը վերջնականորեն քանդեց ներհասարակական կառույցը: 2018թ.-ից հետո պետության հանդեպ վերականգնված վստահության կորուստը բերեց մի իրավիճակի, երբ մարդիկ կրկին պիտի իրար մխիթարեն միջանձնայն, ընկերական մակարդակում, և սա այն հիմքն է, որից պիտի փորձենք վերակառուցել մեր կյանքը:
Մենք հայտնվել ենք ոչ թե ուղղակի վստահության ճգնաժամի, այլ դրա բազմաբարդության մեջ՝ թե՛ ներսում, թե՛ միջանձնային, թե՛ պետության հետ հարաբերոթյուններում և թե՛ որպես պետություն՝ միջազգային հարաբերություններում: Ինչո՞ւ էր ձևավորվել պետության հանդեպ այդ վստահությունը: Գուցե որովհետև մարդիկ ծարավ էին այդ վստահությանը: Սակայն, վերջին երեսուն տարվա ընթացքում մենք մի քանի փուլ անցանք, որտեղ այդ վստահությունը վնասվել է կամ իսպառ բացակայել: Հեղափոխության ընթացքում և դրանից հետո ձևավորված իշխանության հետ հասարակությունը ստեղծում էր վստահության որոշակի մոդել, սակայն, եթե նախորդ ղեկավարները չէին ուզում կամ չէին կարողանում հաղորդակցվել, Նիկոլ Փաշինյանի պարագայում հաղորդակցությունը կարծես դարձավ ինքնանպատակ: Պատերազմի և հետպատերազմյան շրջանում վարվող հաղորդակցությունից հասկանալի դարձավ, որ քաղաքական խոսքն իր կառուցող, ամրագրող նշանակության փոխարեն ձեռք է բերել փոխարինող նշանակություն: Պաշտոնյաների չմիջնորդավորված պոպուլիստական խոսքն ընկալվում է որպես իրավիճակի նկարագրություն, ամրագրում, սակայն, իրականում այն աննկատ գալիս է իրականությունը փոխարինելու:
Վստահությունը հիմնված է նաև մի այլ՝ միասնականության կոնվենցիայի վրա, որը, սակայն, լցված չէ բովանդակությամբ: Մարդիկ հանդես են գալիս միասնականությունը պահպանելու դեկլարացիաներով, սակայն ոչ ոք չի փորձում հարցադրել, թե ինչու և ինչի շուրջ պիտի միասնականությունը կառուցվի: Կարելի է ասել, որ մենք գործ ունենք սպեկուլյատիվ իրականության ձևակերպումների հետ. հին միֆերը շարունակում են բարձրաձայնվել, գոյություն ունի այն փխրուն համաձայնությունը, որ այդ միֆերին անհրաժեշտ է հավատալ, որպեսզի հասարակական կարգը չփլուզվի: Քաղաքական դիսկուրսը ստեղծում է միֆեր, մանիպուլյացնում և շահագործում է լեզուն. դա զարմանալի չէ, քանի որ մեր հասարակարգը նմանակում է ժողովրդավարությունը: Մենք խոսում ենք ժողովրդավարության լեզվով, սակայն, այն հաճախ հակասում է իրականությանը: Ավելի ճշմարտացի է մարդկանց բազային կարիքների, ինչպես նաև բիզնեսի լեզուն, որը հիմնված է շատ հստակ հասկացությունների վրա, և գուցե կարող է դառնալ այն հիմքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հարաբերական խաղաղ և հանդուրժող հարաբերություններ:
Պետք է հույս ունենալ, որ ագռեսիվ, իրար ոչնչացնող խոսքից աստիճանաբար դուրս կգանք, կանցնենք այդ փուլը, և լեզուն այլ դերեր կստանա՝ նկարագրելու, կառուցելու: