Play Video

Հովսեփ Պատվականյանը տնտեսագիտության գիտությունների թեկնածու է, սովորել է Ռուս-հայկական համալսարանում, Ստոկհոլմի Տնտեսագիտության համալսարանում և Կենտրոնական Եվրոպական համալսարանում: Աշխատում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակում, որպես տնտեսագետ, և Invest in Armenia ՓԲԸ հիմնադիր տնօրենն է: Helvetas շվեյցարական ընկերության Արևելյան Եվրոպայի բաժնի բարեփոխումների գծով խորհրդատու: Դասավանդել է Հայաստանի Ամերիկյան և Ռուս-հայկական համալսարաններում: Նախկինում աշխատել է Ջեյքոբս, Քորդովա Ասոշիյեյթս ամերիկյան խորհրդատվական ընկերություն և ԵԱՀԿ Բիշկեկի գրասենյակում:

Գևորգ Պողոսյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այնուհետեւ թեկնածությունը պաշտպանել է Գիտությունների Ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում։ Հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարն ու ավագ խորհրդատուն։ Նախկինում աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և առաջնորդել է ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների թիմը։

Ներառական ինստիտուցիոնալ դաշտի բացակայության պայմաններում արդեն տարիներ շարունակ զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետություն-քաղաքացի հարաբերությունները հիմնականում ընկալվում են էմոցիոնալ դաշտում, մինչդեռ, շատ ավելի պարզորեն պիտի ընկալվեն իրավական հարթությունում: Քաղաքացին վճարում է հարկեր, իսկ պետությունը մատուցում է ծառայություններ քաղաքացուց ստացած հարկերի դիմաց: Ծառայությունների որակը ընտրությունների միջոցով գնահատում է քաղաքացին, և յուրաքանչյուր հինգ տարին մեկ իր կարծիքն է արտահայտում, թե որքանով լավ է պետությունը մատուցել ծառայությունները: Ընտրություններից զատ գոյություն ունեն տարբեր հարթակներ, որոնցում քաղաքացին, հասարակական կազմակերպությունները, բիզնես ասոցիացիաները և բոլոր ինստիտուցիոնալ ուղիները ներկայացնող կառույցներն արտահայտում են իրենց պատկերացումները պետական ապարատի, պետության կողմից կիրառվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Հայաստանում կան բազմաթիվ նմանատիպ հարթակներ, և դրանց հաջողության մասին կարող ենք խոսել տարբեր մակարդակներում, սակայն, հարց է, թե դրանցից որն է ավելի արդյունավետ:

Գուցե որոշակի հարթակ առանձնացնելը որոշ դժվարություններ առաջացնի, քանի որ դրանք տարբեր ուղղություններ ունեն, սակայն, ամենակարևոր պայմաններից մեկն է այն, որ, անկախ ոլորտից, երկխոսության ֆորմատը ճիշտ կազմակերպված լինի: Այստեղ պետք է տարանջատել երկու բաղադրիչ՝ բուն երկխոսության և տեղեկատվություն հասցնելու ֆորմատները: Անկախ ոլորտից, պետությունը երբեք չի կարող ուղիղ երկխոսել խնդիրը բարձրացնող մարդկանց հետ, և դրա համար գոյություն ունեն հատուկ ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք տիրապետում են ընդհանուր լեզվի, և դրանք քաղհասարակությունն՝ արհմիություններ, ասոցիացիաներ, ՀԿ-ներ: Որքանով համակարգված և հետևողական է պետության հետ երկխոսությունը, այդքան արդյունավետ է այն:

Կարևոր է, որ քաղհասարակության ինստիտուցիոնալ կառույցները լինեն պրոակտիվ. շատ դեպքերում քաղհասարակության հետ քննարկումը տեղի է ունենում միայն օրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Սրա համար է կարևոր պետական մասնավոր հարթակների ձևավորումն ու ակտիվ աշխատանքը: Պրոակտիվությունը պիտի երկկողմանի գործի. պետությունը պիտի այս հարթակները դիտարկի որպես օրենսդրական կարգավորումների՝ հանրության վրա ազդեցությունը գնահատելու միջոց, իսկ մասնավոր հատվածը պիտի չսպասի պետության կողմից առաջին քայլին:

Պետությանը ներկայացվող առաջարկը պիտի լինի բովանդակային: Այսօրվա խնդիրներից մեկն այն է, որ ՀԿ հատվածը առաջարկներին հաճախ չի կցում հիմնավորումներ, օրինակ՝ ազդեցության գնահատման ուսումնասիրություն, որը տարածված է ամբողջ աշխարհում և աշխատում է թե՛ պարլամենտին, թե՛ կառավարությանը կից օղակներում: Այն թույլ է տալիս տվյալների հիման վրա հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա որևէ օրենսդրական կարգավորում թե՛ որոշակի շղթայում, թե՛ մակրոտնտեսական մակարդակում:

Պետության հետ երկխոսել հնարավոր է տարբեր մակարդակներում և, երբեմն, որոշ հարցերի շուրջ կարիք չի լինում ձևավորելու մի ամբողջ հարթակ: Այդ դեպքերում հնարավոր է հեռավար երկխոսությունը, օրինակ՝ լրագրողների միջոցով: Վերջիններս մեծ դեր ունեն քաղաքացի-պետություն երկխոսության մեջ, և այսօր, կարելի է ասել, միջնորդ են և հատման կետ: Երկկողմանի լրագրողական հետազոտությունն ու վերլուծությունը կարող է պետությանը դրդել հասկանալու առկա խնդիրն ու դրա կարևորությունը: Սակայն, ցավոք, Հայաստանում գոյություն ունի ոլորտային լրագրության պակաս:

Ցավալիորեն, Հայաստանում արվող օրենսդրական փոփոխությունները շատ հաճախ  կրում են ռեակտիվ բնույթ: Մեր հասարակությունը սովորել է խնդրի մասին խոսել միայն այն ժամանակ, երբ խնդիրն արդեն իրականություն է: Մենք չենք կարողանում երկարաժամկետ մտածել և պետությանն այնպիսի օրակարգեր ներկայացնել, որոնք երկարատև արդյունավետությամբ մեխանիզմներ ստեղծելուն միտված կլինեն:

Դիտեք նաև՝

Search