Play Video

Գեորգ Զիմելը գերմանացի սոցիոլոգ էր, համարվում էր նաև փիլիսոփա, կյանքի փիլիսոփայության վերջին շրջանի ներկայացուցիչներից մեկը: Ըստ էության՝ նա անդրադարձել է գրեթե բոլոր թեմաներին, և ամենակարևորը, ինչ առանձնացնում է այս հեղինակին մյուսներից, զգացողության մակարդակն է: Զիմելը սոցիոլոգիայում հոգեբանական փուլի ազդեցության կրողներից մեկն է, այսինքն նա էլ այն մոտեցման կողմնակիցներիցն էր, որ սոցիոլոգիան պետք է ունենա առանձնահատուկ մոտեցում, որը չի կարող կրկնել բնական գիտությունների մոտեցումը: Նա շարունակում էր Դիլթեյի այն գաղափարը, որ պետք է գնալ հասկացման ճանապարհով, ինքն էլ էր սոցիոլոգիայի խնդիրը դնում հասկացումը՝ առանձնացնելով պատմական հասկացման գաղափարը, այսինքն երևույթները պետք է դիտել պատմական զարգացման մեջ:

Զիմելի կարծիքով՝ հենց իրականության հանդեպ գեղագիտական մոտեցումն է, որ կարող է քեզ թույլ տալ ամբողջական պատկերացում կազմել և ստանալ երևույթների զարգացման տրամաբանությունը:

Այն, ինչ պետք է անի սոցիոլոգիան, ինչը պետք է դառնա նրա առարկան, այն է, որ սոցիոլոգիան պետք է կառուցի ինքն իրեն՝ որպես մեթոդ, այսինքն սոցիոլոգիան պետք է այլ հասարակական գիտությունների համար ծառայի իբրև միջանցիկ գիտություն, որը տալիս է այդ բոլոր երևույթների նկատմամբ առանձնահատուկ հայացք:

Զիմելը գտնում էր, որ սոցիոլոգիան ուսումնասիրում է, թե ինչպես է հասարակայնանում փոխազդեցությունը, որովհետև հասարակությունը ոչ այլ ինչ է, քան մարդկանց փոխազդեցությունների ամբողջություն: Եվ սկզբնապես այդ փոխազդեցությունը սոցիալական չի, հասարակական չի, հիմքում ընկած են փոխազդեցության որոշակի մոտիվներ կամ պահանջմունքներ, որոնց բավարարման անհրաժեշտությունից ելնելով՝ մարդը ինչ-որ փոխազդեցության մեջ է մտնում այլ ակտորների հետ: Այդ փոխազդեցությունը դարձնում է  հասարակական այն, որ դրա միջոցով անհատի մեկուսի գոյությունը փոխակերպվում է համատեղ կեցության: Այսինքն բովանդակային տեսանկյունից որևէ մոտիվ հասարակական չի, ձևի տեսանկյունից է հասարակական:

Գրականության ցանկ

1. Georg Simmel, Philosophy of Money, Rouledge Classics, 2011
2. Jurgen Habermas, Georg Simmel on Philosophy and Culture: Postscript to a Collection of Essays, 1996
3. Georg Simmel texts’ in English translation

Դիտեք նաև՝

Search