Ըստ Գաբրիել Թարդի՝ սոցիալական երևույթները հասարակությունում տեղի են ունենում նմանակման միջոցով, այսինքն հասարակությունը ոչ այլ ինչ է, քան նմանակում, և սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի այդ նմանակման կանոնները: Թարդն ասում էր, որ հասարակությունը գիտակցություն է, իսկ ամեն մարդու, առանձին անհատի գիտակցությունը ուղեղի մի բջիջն է, իհարկե սա շատ մեխանիկական մոտեցում է, որ մեզ շատ ավելի կարող է հետաքրքրել իբրև պատկերավոր նմանություն, բայց ոչ այնպիսի մի գաղափար, որ մնացել է սոցիոլոգիայում և ինչ-որ արժեք է տվել հետագա գիտական գիտելիքի զարգացման տեսանկյունից: Ըստ էության՝ հոգեբանական այս մոտեցման կարևորագույն գաղափարն այն էր, որ ցանկացած սոցիալական երևույթ պետք է դիտարկել իբրև որոշակի փոխազդեցություն, այսինքն դա մի պրոցես է, որտեղ անհատները փոխազդում են միմյանց, և շատ կարևոր է, որ հոգեբանությունը չի դիտարկվում առանձնին անհատի հոգեբանության մակարդակում, սա սոցիալական հոգեբանություն է, այստեղ կարևոր է անհատի՝ դեպի այլ անհատներին ուղղված մտքերը, գործողություններն ու պատկերացումները:
Ամբոխների ուսումնասիրությունը զբաղեցնում է ժամանակի շատ հեղինակների մտքերը, և հենց այդ նմանակման գործընթացը, Թարդի կարծիքով, ամբոխի դեպքում ամբողջությամբ հասնում է բարձրակետին: Այստեղ մենք չունենք առանձին անհատներ, մենք ունենք ամբողջությամբ միմյանց նմանակող մի բազմություն, որի վրա հնարավոր չէ որևէ ձևով ազդել: Թարդը գտնում էր, որ հասարակական գործընթացները կառավարում են զգացմունքները և ոչ թե բանականությունը, և այդ ամբոխի վրա ազդել որևէ բանական դատողությամբ կամ որևէ ռացիոնալ բացատրությամբ, հնարավոր չէ: Դու միայն կարող ես հետևել նրանց, որովհետև նրանք լսելու ունակ չեն: Ըստ Թարդի՝ մի քանի անհատներ որոշակի վարքականոն են ձևակերպում, իսկ մյուսները սկսում են նմանակել, այսինքն ամբողջ հասարակական գործընթացը տեղի է ունենում հենց այսպես: Այս գաղափարները, հատկապես՝ ամբոխի ուսումնասիրության տեսակետից, հետագայում զարգացրեց ֆրանսիացի Գյուստավ Լե Բոնը, որը կրկին հիմքը դնում էր զգացմունքների առաջնայնության վրա…
Գրականության ցանկ
- Wilhelm Dilthey: Selected Works, Volume I: Introduction to the Human Sciences Edited by Rudolf A. Makkreel and Frithjof Rodi
- Gabriel Tarde, Essais et mélanges sociologiques. Paris: A. Maloine, Éditeur, 1895. 431 pp.
- Gustave Le Bon, The Crowd: A Study of the Popular Mind, 1896, pp.130
- Ferdinand Tönnies, Gemeinschaft und Gesellschaft, Leipzig,1887