Play Video
22. Չի կարելի. Անուշ Ալեքսանյան | պրակտիկ հոգեբանություն

Կան գաղափարներ, որոնք շատ արագ հասարակության սեփականությունն են դառնում և այդ գաղափարներից մեկը «չի կարելի» չասելու գաղափարն է: Շատ ծնողներ կարծում են, որ երեխային «չի կարելի» ասելով կկաշկանդեն: Այս առումով ծնողներին կարելի է բաժանել երկու խմբի.

1. ծնողներ, ովքեր վախենում են ասել «չի կարելի» և
2. ծնողներ, ովքեր չարաշահում են «չի կարելի»-ները:

Այս երկու խմբերն էլ սխալվում են և թյուրընկալում ունեն «չի կարելի»-ների վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ մեր կյանքը լի է տարբեր տեսակի սահմանափակումներով՝ սկսած իր տևողությունից, ավարտած այլոց իրավունքներով, որոնց հասնելիս մենք տեսնում ենք մեր իրավունքների սահմանները: Այս սահմաններն ու սահմանափակումները ստիպում են մտածել, որ առանց սահմանափակումների որևէ դաստիարակություն չի կարող պատրաստել երեխային իրական կյանքին, որովհետև ցանկացած դաստիարակություն պետք է երեխային պատկերացումներ տա իրական կյանքի մասին և նրան պատրաստի իրական կյանքին:

Ի՞նչ են մեզ տալիս սահմանափակումները:

Խելամիտ, ողջամիտ սահմանափակումները մեզ ապահովության զգացում են ներշնչում, որովհետև ի ծնե մենք ունենք այն գիտակցումը, որ կան որոշ սահմաններ և կան բաներ, որոնք թույլատրելի չեն: Երբ որ դրանք մեզ ճիշտ ժամանակին չեն հուշում և ցույց չեն տալիս՝ որոնք են այդ սահմանափակումները, մարդն այդպիսի պայմաններում ունենում է անապահովության և տագնապի զգացում: Խելամիտ սահմանների պարզաբանումն օգնում է երեխային հասկանալ՝ ինչպիսի քայլերի դեպքում ինքը չի պատժվի և որևէ անկանկալի չի հանդիպի:

Երեխաների դեպքում պետք է հստակ սահմանել չափելի և սահմանափակ քանակությամբ կանոններ, որոնք երեխայի համար հասկանալի, մատչելի և հնարավոր կլինեն և դրանց առկայության դեպքում կազմակերպել երեխայի դաստիարակության ամբողջ գործընթացն ու կյանքը:

Դիտեք նաև՝

Search