Play Video
Ոչ ձևական ցանցերի խորհրդային ժառանգությունը. Արման Ղարագուլյան

Խորհրդային Միության հասարակական կառույցները, ինչպիսիք էին ապրանքների բաշխման և վերահսկողության, համընդհանուր զբաղվածության, կայուն դրամա-ֆինանսային պետական համակարգերը, բնակչությանն ապահովում էին պետականորեն երաշխավորված ծառայություններով և սպառման ապրանքներով, այդուհանդերձ, հատկապես ուշ խորհրդային տարիներին, ապրանքների համընդհանուր պակասորդի պայմաններում թե’ միջանձնային և թե’ սոցիալական կառույցների մակարդակում արդեն իսկ ձևավորվել էր ոչ ձևական ցանցերի`որպես սոցիալական հարմարվողականության յուրահատուկ մեխանիզմների որոշակի ամբողջություն:

Տվյալ դեպքում «ոչ ձևական ցանցեր» ասելով հասկանում ենք այնպիսի սոցիալական հարաբերությունների ամբողջությունը, որոնք, ձևավորվելով անձնային կապվածության հենքի վրա, գործում են վարքի` հասարակայնորեն ընդունված կանոններից դուրս կամ դրանց զուգահեռ և ուղղված են տարբեր տեսակի ինստիտուտացված ռեսուրսների հասանելիության ապահովմանը:

Խորհրդային համակարգում ոչ ձևական ցանցերը, ուժեղացնելով անձնական շփումները, նվազեցնում էին պլանային տնտեսության և քաղաքական համակարգի կոշտ սահմանափակումները: Համառորեն մերժվելով «պաշտոնական» բարոյականության կողմից, այդ հարաբերությունները, սակայն, կազմում էին հասարակական կյանքի անբաժանելի մասը:

Հետխորհրդային բարեփոխումներն առաջ բերեցին իրողություններ, որոնց հասարակությունը ամենևին պատրաստ չէր` խնդիրներ աշխատաշուկայում, ազատ գներ, արժեզրկում: Անորոշությունը և գոյատևման հրամայականը հանգեցրին հասարակության տարբեր ինստիտուտներում ոչ ձևական հարաբերությունների չափաբաժնի կտրուկ մեծացմանը: Ուստի, վարքի այն օրինակները, որոնք օրգանապես կապված էին խորհրդային քաղաքական և տնտեսական համակարգերի հետ, տեղափոխվեցին սոցիոմշակութային նոր միջավայր:

Իրենց հիմքում ունենալով արյունակցական, հայրենակցական, ընկերային կապերի վրա հիմնված հարաբերություններ` ոչ ձևական կառույցներն առհասարակ շատ դանդաղ են զարգանում և ակնհայտորեն դիմադրում են հատկապես այլ հասարակություններում և մշակույթներում ձևավորված ինստիտուտների ներմուծմանը: Հետխորհրդային հասարակություններում ոչ ձևական ցանցերը ոչ այնքան գոյատևման միջոցներ են, որքան արդեն սոցիալական առաջխաղացման յուրահատուկ ռազմավարություն: Ըստ այդմ, սխալ է ոչ ձևական հարաբերությունները հանգեցնել միայն պասիվ հարմարվողական ռազմավարության, որից իբր թե պետք է կառչի ապակողմնորոշված home sovieticus-ը:

Ոչ ձևական ցանցերին հատուկ է «արտաքին տեսքի» փոփոխականությունը. դրանք միշտ գտնում են հանրային ոլորտի համակցման զանազան տարբերակներ` ներկայանալով ժողովրդավարության, շուկայական տնտեսության, ազգային բարոյականության քողի ներքո: Զարմանալի չէ, որ նույնիսկ քայքայման գործընթացում գտնվող խորհրդային հարաբերությունների համակարգը դեռ շարունակում է պահպանվել շնորհիվ մարդկային որոշակի տիպի, ով վաղուց «ընդունել է խաղի կանոնները» և փնտրում ու գտնում է նորանոր հնարավորություններ`առկա պայմաններում դրանք կիրառելու համար:

Հետխորհրդային հասարակություններում ևս ոչ ձևական հարաբերությունները նախկինի նման թույլ են տալիս մեղմել գործող օրենքները, բայց այս անգամ ոչ «հօգուտ» համակարգի գործառնության: Նման ցանցերը, դուրս գալով խորհրդային համակարգի սահմանափակումներից, թափանցում են հասարակական կառավարման համակարգի մինչ այդ անհասանելի ոլորտներ` հանգեցնելով ընդհուպ մինչև պետության «սեփականաշնորհման»: Արդյունքում` այն, ինչը ներհատուկ էր խորհրդային համակարգին` որպես հասարակական կայունության բաղադրատարր, մեր օրերում միայն սրում է հետխորհրդային հասարակության հիմնախնդիրները:

Զեկույցի համար ներկայացվող հետազոտության աղբյուրներն են Մ. Կաստելսի՝ խորհրդային համակարգի հիմնարար վերլուծությունները, Ա. Լեդենևայի՝ խորհրդային ոչ ձևական հարաբերություններին (блат) նվիրված հետազոտությունների շարքը, Պ. Բուրդյեի՝ հաբիտուսի տեսությունը, Է. Հարությունյանի հայ ազգի կյանքի մշակույթի վերլուծությունները և այլն:

Դիտեք նաև՝

Search