Տարածված թյուրըմբռնում է, որ քանակական տվյալների վերլուծությունը խիստ օբյեկտիվ գործընթաց է` կապված թվերի ու ստույգ հաշվարկների հետ, մինչդեռ որակական տվյալների հետ աշխատելիս հետազոտողները պարզապես չեն կարող օբյեկտիվ լինել, քանի որ ցանկացած տեքստային տեղեկատվություն մեկնաբանելիս այս կամ այն կերպ իրենց սուբյեկտիվ ներդրումն են ունենալու: Իրականում ինչպես քանակական, այնպես էլ որակական տվյալների վերլուծությունն իրականացվում է մասնագետների կողմից տարիներ շարունակ մշակված հստակ ընթացակարգերով, իսկ սուբյեկտիվությունը վերահսկվում է հետազոտողի մասնագիտական պատրաստվածության ու գիտելիքի միջոցով: Որակական տվյալների վերլուծության այդպիսի ընթացակարգերից մեկն է տվյալների կոդավորումը, որը տեղի է ունենում մի քանի քայլերով`
- Տեքստի մասնատում տարրերի կամ միավորների (բառեր, նախադասություններ, պարբերություններ)
- Այդ տարրերի կամ միավորների անվանում
- Հասկացությունների խմբավորում
Իրենց գրքում կոդավորման հրաշալի օրինակ են բերում սոցիոլոգներ Անսելմ Ստրաուսն ու Ջուլիեթ Կորբին: Պատկերացրեք, որ գտնվում եք բարձրակարգ ռեստորանում։ Պատվերին սպասելիս բաց խոհանոցում նկատում եք կարմիր զգեստով մի կնոջ։ Հետաքրքրությունից ելնելով` փորձում եք հասկանալ՝ որն է այդ կնոջ գործառույթը ռեստորանում, և սկսվում է կոդավորման գործընթացը։ Դուք տեսնում եք, որ կինը զննում է խոհանոցը, և ինքներդ ձեզ հարց եք տալիս` նա ի՞նչ է անում։ Պատասխան` նա դիտարկում է։ Այսինքն` դուք տվեցիք գործողության անվանումը։ Մեկ այլ գործողություն, որի ընթացքում նա հարցերի է պատասխանում, դուք կոչում եք տեղեկատվության փոխանցում։ Եվս մեկ գործողություն, որ նա կատարում է, սպասարկման որակի վերահսկումն է։ Եվ այսպես շարունակ։ Հաջորդ քայլն արդեն այս հասկացությունների խմբավորումն է. ինչու՞ է կարմիր զգեստով կինն իրականացնում այս բոլոր գործողությունները։ Մի փոքր ավելի ուշադիր դիտարկելով իրավիճակը` դուք հասկանում եք, որ դա կապված է նրա աշխատանքի բնույթի հետ. հավանաբար նա զբաղվում է ռեստորանի աշխատանքի գնահատմամբ և որակի պահպանմամբ: Այդպիսով` դուք ձեր առանձնացրած հասկացությունները` «դիտարկում», «վերահսկում», «տեղեկատվության փոխանցում», միավորում եք մեկ կատեգորիայի մեջ և անունը դնում «ռեստորանի աշխատանքի գնահատում և որակի պահպանում»: Հենց այսպես է տեղի ունենում որակական տեղեկատվության վերլուծությունը: