Ինչպե՞ս բարելավել հանրային տրանսպորտի համակարգը, առողջապահության ո՞ր ճյուղի զարգացման մեջ ավելի մեծ ռեսուրսներ ներդնել։ Ինչպե՞ս անել, որ դպրոցն ավարտող երիտասարդները ընտրեն այնպիսի մասնագիտություններ, որոնք պետք են աշխատաշուկայում։ Այս բոլոր հարցերը քաղաքականությունների մշակման ոլորտից են և քաղաքականությունների հետազոտություններն օգնում են դրանց պատասխաններ գտնել։
Քաղաքականությունների և հետազոտությունների հարաբերությունները բարդ են, քանի որ գործունեության ձևերը շատ տարբեր են։ Եթե հետազոտողները իրենց պատկերացումներն աշխարհի մասին հիմնում են տվյալների վրա, ապա քաղաքականություններ մշակողները այս կամ այն խնդրի լուծումը կամ զարգացման ճանապարհը որոշելիս շատ տարբեր գործոններ են հաշվի առնում՝ բյուջեի ծավալ, ժամանակի և այլ ռեսուրսների առկայություն, հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, հանրային արձագանք և այլն։ Ցավոք, այդ շարքում հետազոտական տվյալները ոչ միշտ են կենտրոնական տեղ զբաղեցնում։
Այնուամենայնիվ, աշխարհն այսօր զարգանում է հետազոտությունների և քաղաքականությունների համագործակցության ուղղությամբ, որը կարող է տեղի ունենալ հետևյալ ձևերով՝
1․ Հետազոտությունների իրականացում, տվյալների հավաքագրում, եզրակացությունների փոխանցում քաղաքականություն մշակողներին և դրանց հիման վրա որոշումների կայացում։
2․ Քաղաքականությունների մշակում և դրանց զուգահեռ հետազոտությունների իրականացում, որոնք կոչված են ստուգելու այդ քաղաքականությունների արդյունավետությունը և մշակելու հետագա զարգացման ուղիներ։
3․ Որոշել, որ հետազոտություններն ու քաղաքականություններն առհասարակ համատեղելի չեն, և պետք չէ փորձել դրանք միացնել։
4, Հետազոտությունների և քաղաքականությունների փոխադարձ կապ՝ նախորդ երեք տարբերակների միացմամբ մեկ համապարփակ մոտեցման մեջ, ըստ որի՝
- Անհրաժեշտության և հնարավորության դեպքում իրականացվում են հետազոտություններ քաղաքականության մշակումից առաջ և ստացված եզրակացությունները փոխանցվում են որոշում կայացնողներին։
- Քաղաքականության մշակման գործընթացում, նոր ծրագրերի կամ բարեփոխումների ցանկացած փուլում քաղաքականություն մշակողները կարող են դիմել հետազոտողներին, ովքեր կօգնեն պատասխանել տարատեսակ հարցերին և կգնահատեն արված աշխատանքի արդյունքները։
- Քաղաքականությունները և հետազոտությունները կապվում են, սակայն երբեք չեն միախառնվում։ Այստեղ կարևոր օղակ է դառնում քաղաքացիական հասարակությունը, որի գործառույթն է հաշվետու պահել քաղաքականություն մշակողներին ու իրականացնողներին և պահանջել, որ արված հետազոտությունները պատշաճ կերպով հաշվի առնվեն քաղաքականությունը մշակելիս։