Play Video

Միգրացիայի գործընթացներում կանանց ներգրավվածության խնդիրը միջազգային գրականությունում բարձրաձայնվել է միայն 1970թթ., իսկ մինչ այդ կանայք միգրացիոն հետազոտություններում ուսումնասիրվում էին հիմնականում որպես «ընտանիքի միավոր»: 1970թթ. բարձրացվեց այն հարցը, որ կինը, ըստ էության, թեկուզ և լինելով տղամարդուն ուղեկցող, այնուամենայնիվ մտնում է ընդունող հասարակություն և դառնում է տնտեսապես ակտիվ սուբյեկտ, ներգրավվում է աշխատաշուկայում՝ բախվելով ոչ միայն միգրանտ լինելով, այլև գենդերով պայմանավորված տարբեր խնդիրների:

Հայկական հետազոտություններում և գրականության մեջ միգրացիոն գործընթացներում կանանց ներգրավվածությունը նոր է սկսում ուսումնասիրվել, և հիմնականում դիտարկվում են այն կանայք, որոնք ունեն միգրանտ ամուսին, ոչ թե նրանք, որոնք ինքնուրույն են դիմում միգրացիայի: Անգամ Միգրացիոն ծառայությունը, տրամադրելով ժամանուների և մեկնումների տվյալներ, չի նշում մեկնող ու ժամանողների սեռը: Պետական միգրացիոն ռազմավարություններն էլ ցույց են տալիս, որ դրանցում բացակայում է գենդերային զգայունությունը: Սրանք ցուցիչներ են, որոնք պատկերացում են ստեղծում, թե ինչ դիրքորոշում է գործում հասարակության մեջ կանանց միգրացիայի վերաբերյալ:


Գենդերազգայուն քաղաքականության շուրջ գոյություն ունի տարակարծություն: Պնդումներից մեկն այն է, որ գենդերազգայուն քաղաքականությունն արհեստականորեն ստեղծում է խտրական վերաբերմունք տղամարդկանց և կանանց միջև, նրանց համար հատուկ խնդիրները բարձրաձայնելու փոխարեն: Ըստ մի այլ կարծիքի, քաղաքականություններն այնպես են սահմանվում, որ կանանց, տղամարդկանց կամ այլ խմբերի համար չկան առանձնահատկություններ, քանի որ բոլորը հավասար են, և քաղաքականություններն այնպես են մշակվում, որ հավասար վերաբերեն ցանկացած մարդու: Ըստ միջազգային ուսումնասիրությունների, տարիներ շարունակ գործած երկրորդ մոտեցումը արդյունավետ չէ հասցեագրման և թիրախայնության տեսանկյունից:

Դրա օրինակներից է այն, որ առողջապահական հետազոտությունների համաձայն, Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց, և հիմնականում այդ թիվը վերաբերում է աշխատանքային միգրացիայի դիմած տղամարդկանց: Գենդերազգայուն միգրացիոն քաղաքականության պարագայում այս տվյալները պիտի հաշվի առնվեն որպես միգրացոն քաղաքականության ուղղություն, և այս խմբին ուղղված որոշակի միջոցառումներ պիտի իրականացվեն:

Դիտեք նաև՝

Search