Play Video

Դեռ հարյուր տարի առաջ Րաֆֆին ասում էր, որ մենք պետք է դուրս գանք կրոնաէթնիկական վիճակից և վերջապես դառնանք քաղաքական ազգ․ այս թեման ակտուալ է մինչ օրս։ 2018 թվականին փոփոխությունների գնալու ցանկությամբ առաջնորդվելիս մենք հույս ունեինք, որ լուրջ փոփոխություններ կլինեն բոլոր իմաստներով, նույնիսկ ազգայնականության որակի մեջ։ Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ իշխանության եկած մարդիկ բացարձակապես մտահոգված չէին փոփոխություններով ու նույնիսկ ի վիճակի չեն դա անել։ Նրանք սկսեցին գեներացնել ու կրկնել նույն խոսակցությունները՝ մի փոքր այլ ձևակերպումներով, և հենց այդ խոսակցությունները քսան տարի չեն թողել մեզ դուրս գալ շատ նեղ էթնիկ և կրոնական ազգայնականությունից։ 

Ակնհայտ է, որ պատերազմը մեծ շոկ ու աղետ է, և պատերազմից հետո մարդիկ պետք է կառչելու տեղ ունենան։ Նոր տեսակի հայրենասիրության, նոր տեսակի ազգայնականության համար ոչինչ չարվեց, և այդ իսկ պատճառով ունենք այն, ինչ ունենք։ Նոր իշխանություններն են պատասխանատու Հայաստանում ստեղծված նոր որակի ազգայնականության համար, որովհետև նույն խոսակցությունները, նույն ձևակերպումները կրկնեցին ու ամրապնդեցին մարդկանց մոտ այն կարծիքը, որ շատ նեղ, սահմանափակ պատկերացումներով ազգայնականությունն է ճիշտ։ 

Նոր իշխանությունների անսահման պոպուլիզմը, անսկզբունքայնությունն ու գաղափարային դատարկությունը բերեցին նրան, որ նրանց համար ամեն ինչ դարձավ գործիք․ նրանք շատ նեղ խնդիր ժամանակավորապես լուծելու համար փորձեցին օգտվել ամեն ինչից՝ արդարանալով, որ չեն սահմանափակում իրենց և որ գաղափարներն ու գաղափարախոսությունները հնացած բաներ են։ Սա բերեց նրան, որ խորքային առումով ոչինչ չփոխվեց։ Եղավ անձերի փոփոխություն, սակայն պարզ չէ՝ ովքեր են այդ մարդիկ գաղափարական առումով, սկզբունքների առումով, ինչու են նրանք այժմ դիմում այնպիսի քայլերի, որոնք ժամանակին մերժել են՝ անվանելով դրանք «նախկինների» գործիքներ։ 

Դիտեք նաև՝

Search