Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը թիրախավորող քարոզչությունը վաղուց է սկիզբ առել․ դեռևս երբ Հայաստանը շուրջ 20 տարի առաջ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, որոշ քաղաքական շրջանակներ սկսեցին ընդդիմանալ միջազգային չափանիշներով ստանձնած մի շարք պարտավորությունների կատարմանը: Իշխանության վերարտադրության, ընդդիմախոսներին լռեցնելու, քաղաքացիներին մոլորեցնելու նպատակներով արվում էին պնդումներ առ այն, որ արևմտյան արժեքները հավասարազոր են «ոչ ավանդական» կրոնական ուսմունքների և սեռական այլասերվածության արմատավորմանը, որ դրանցով քայքայվում են «ավանդական», «հոգևոր» արժեքները, և այլն։
Նման քարոզչության ուղղվածությունը՝ Հայաստանի մեկուսացումը հաղթահարելու փորձերի դեմ, հատկապես տեսանելի էր նաև 2010-2013 թթ.՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում։ Այդ համատեքստում նկատելի էր նաև խտրականության քարոզի օգտագործումը։ Նման երևույթները շարունակական են․ հայտնի օրինակներից է վերջին տարիներին Ստամբուլյան կոնվենցիայի և որոշ այլ խնդիրների շուրջ բարձրացված քարոզչական աղմուկը։ Հետպատերազմյան և նախընտրական շրջանում այդ շարքին ավելացել էին նաև պատերազմի ընթացքում Հայաստանին չօգնելու մասին որոշ պնդումներ։
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստան-ԵՄ համագործակցությունը թիրախավորելուն՝ քաղաքագետ, հետազոտող Արմեն Գրիգորյանն իր զեկույցում առանձնացնում է հիմնական շահարկվող թեմաները՝
- ԵՄ-ի օժանդակությամբ COVAX ծրագրի շրջանակում ներկրված «Աստրա Զենեկա» պատվաստանյութի մասին կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները,
- Ոստիկանության բարեփոխումը (որին օժանդակում են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը) «Հայաստանն արտաքին կառավարման հանձնելուն» հավասարեցնող պնդումները,
- ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ․ եվրոյի օժանդակության հատկացումը․ որոշ բավական հայտնի հասարակական գործիչներ հայտարարել էին, որ դա իբր «հողերը հանձնելու գինն է» (կամ «ատկատը»),
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում ատոմակայանի ենթադրյալ փակմանը վերաբերվող քարոզչական պնդումները։
Խնդրի արդիականությունը պայմանավորված է թե ապատեղեկատվության, քարոզչության և դրանց տարածման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման շարունակաբար աճող վտանգավորությամբ, թե հենց ՀՀ-ԵՄ համագործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված հնարավորությունների իրականացման դեմ տարվող քարոզչությանը դիմակայելու կարևորությամբ։
Նախագիծն իրականացվում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակում։