Գոյություն ունեն ինքնիշխանության տարբեր ձևեր՝ պետական ինքնիշխանություն, ժողովրդի, ազգի, անհատի ինքնիշխանություն և այլն: Պետական ինքնիշխանության մասին խոսելիս առաջին հերթին նկատի ենք ունենում իրավական հատկությունը, այսինքն պետության իրավաքաղաքական ինքնուրույնության հարցը: Ազգի ինքնիշխանության հարցը քննարկվում է ազգային ինքնորոշման հարցի և ընդհանրապես քաղաքական այն ազատության շրջանակներում, որը հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի պետաիրավական կարգ, հաստատել որոշակի հարաբերությունների ձևաչափ այլ ազգերի հետ և այլն:
Ժողովրդի ինքնիշխանության պայմաններում ժողովուրդը հայտարարվում է իշխանության միակ ներկայացուցիչը և կրողը: Անհատի ինքնիշխանություն ասելով հասկանում ենք անհատի՝ սեփական կյանքը և մարմինը տնօրինելու իրավունքը:
Այս բոլոր սահմանումները ցույց են տալիս, որ ինքնիշխանությունն առաջին հերթին իրավունք է՝ ազատության, ինքնուրույնության, ընտրության, աշխարհայացքի և այլնի իրավունք: Մյուս կողմից ինքնիշխանությունը սահման է, այսինքն այն ենթադրում է սահման դնելն ու այն պաշտպանելը: Այս սահմանը պետք է ընդունելի լինի նաև ուրիշի կողմից:
Ինքնիշխանությունն այս երկու կողմերի համատեքստում քննարկելիս (մի կողմից որպես նման իրավունքների համախումբ՝ ազատություն, ինքնուրույնություն և այլն, մյուս կողմից՝ որպես սահման), հասկանալի է դառնում, որ թեման ունի բավական խորը փիլիսոփայական և գոյաբանական հիմքեր, այսինքն կարող է քննարկվել «ես-ը և ուրիշը» հարաբերությունների կոնտեքստում:
«Ես-ը և ուրիշը» հարաբերություններն ինքնիշխանության թեման դարձնում են և՛ բարդ, և՛ հետաքրքիր: Այս թեման քննարկվել ու քննարկվում է տարբեր փիլիսոփայական տեսանկյուններից:
«Ես» ասելով հասկանում ենք ինքնիշխանության սուբյեկտին, և տվյալ դեպքում ինքնիշխանության սուբյեկտ կարող է լինել պետությունը, ժողովուրդը, անհատը և այլն: Հայտնի է, որ ցանկացած «ես» առաջին հերթին սահմանազատում է, սակայն յուրաքանչյուր «ես»-ի գոյություն, ապրում և զգացում պայմանավորված է ուրիշով:
Այս թեման սարտրյան կոնտեքստում դիտարկելու դեպքում կտեսնենք, որ ուրիշն է իր հայացքով պայմանավորում «ես»-ի գոյությունը: Ուրիշի գոյությունն ու ներկայությունն այսքան կարևորելիս չափազանց զգայուն է դառնում ինքնիշխանության ու սահմանի հարցը:
Հաճախ «ես»-ը որպես ինքնիշխանության սուբյեկտ ինքն է խախտում այդ սահմանը և ներքաշում ուրիշին սեփական ինքնիշխանության սահմաններ: