Play Video

Մինչև հեղափոխությունը և դրանից հետո ինքնիշխանության ընկալումները բավականին տարբեր են: Իշխանափոխությունից առաջ ինքնիշխանությունը շատերը ընկալում էին որպես արտաքին և ներքին ուժային գործոնների հետ կապված մի գաղափար: Հեղափոխությունից հետո իշխանութունը և ինքնիշխանությունը կարծես կապվում է հասարակական, մշակութային, գաղափարական գործընթացների հետ: Այս երևույթը մենք անվանում ենք «փափուկ ուժ», և հետհեղափոխական կառավարությունը պիտի նոր մեթոդներ գտնի իր տիրապետող գործիքները բանեցնելու, քանի որ դա չի կարող լինել միայն ուժային գործոնը:

Հեղափոխությանը նախորդած մոտ 10 տարին կարելի է բնութագրել որպես «քաղաքացիական արթնացման» շրջան: Քաղաքացիական շարժումների մեջ առանձնահատուկ դեր է զբաղեցնում Մաշտոցի պուրակի պայքարը, որը կարելի է որակել որպես ուրույն օրենքներով գործող մշակութային ավտոնոմիա՝ քաղաքի կենտրոնում գործող և ոստիկանության վերահսկողությունից դուրս գտնվող: Պուրակի շարժումը բազմակարծության և կոլեկտիվ գործողության հարթակ էր, որը 3 ամսվա ընթացքում տեղային խնդրից վերաճեց հանրային գիտակցության համար կարևոր մի նպատակի ձևակերպման՝ հանրային տարածքի պաշտպանության: Շարժման երրորդ առանձնահատկությունը խոսունակությունն էր՝ տեքստերի ձևակերպման գործընթացը: Քաղաքացիները սկսեցին օգտագործել մի լեզու և մոտեցում, որը սկսեց վտանգավոր դառնալ հեգեմոնիայի՝ տիրապետող հասարակական հարաբերությունների համար: Շարժումն ակտիվորեն օգտագործում էր տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ստեղծելով բաց խմբեր, նոր անդամներ հրավիրելով, սակայն, որոշակի պահից այդ խմբերը սկսեցին փոքրանալ և դառնալ փակ: Քաղաքացիական շարժումների այդ շրջանը որոշակի համերաշխության մշակույթ ձևավորեց, որը տարբերվում էր նախկինում գործող միասնականության գաղափարներից: Քաղաքացիական նախաձեռնությունները դարձան յուրատեսակ կրթական հարթակներ՝ կարծես փոխարինելով լճացած կրթահամակարգը: Փողոցը սկսեց զբաղեցնել համալսարանի տեղը, և այնտեղ ձեռք բերած հմտություններն ավելի կարևոր են դառնում, քան համալսարանական տեսական գիտելիքը:

Դիտեք նաև՝

Search