Անվտանգության ոլորտի համատեքստում շատ կարևոր է ուսումնասիրել, թե որոնք են անվտանգության համակարգի բաղադրիչ մասերը, որոնք են անվտանգության ոլորտի բարեփոխումների սկզբունքները, ինչպես նաև անվտանգության ոլորտի քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության սկզբունքները։
Անվտանգային ոլորտը կարելի է բաժանել երկու խմբի՝ բուն կառույցներ և դրանց վերահսկողության կառույցներ։ Դրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է պետական և ոչ պետական կառույցների՝
- Պետական բուն անվտանգային կառույցներն են զինված ուժերը, ոստիկանությունը, հետախուզական ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները՝ փրկարարներ, հրշեջներ, անտառապահներ, մաքսային ծառայությունները, սահմանապահները։ Այս ոլորտի մեջ են ներառվում նաև դատական իշխանությունը, բանտերը և այլ փակ հաստատությունները։
- Ոչ պետական ուժերը և ծառայությունները մասնավոր անվտանգային ծառայություններ են, օրինակ՝ պահակային ծառայությունները, անհատների, կուսակցությունների և կազմակերպությունների անվտանգությունը ապահովող մասնավոր ընկերությունները, պարտիզանական ջոկատները, և նույնիսկ կազմակերպված հանցավորության խմբերն են այս համակարգին պատկանում՝ իհարկե, բացասական իմաստով։
- Պետական վերահսկողության մարմիններն են գործադիր (նախագահի կամ վարչապետի գրասենյակները, որոշ նախարարություններ, անվտանգության խորհուրդ), օրենսդիր (խորհրդարան և առանձին հանձնաժողովներ) մարմինները, օմբուցմենի ինստիտուտը։
- Քաղաքացիական կամ ժողովրդավարական վերահսկողությունն իրականացվում է քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, փորձագիտական համայնքի, մամուլի, կուսակցությունների, կանանց խմբերի միջոցով:
Անվտանգության ոլորտի հաստատությունների բարեփոխումները հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության, զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման կարևորագույն գործիքներից են։ Այդ բարեփոխումները պետք է լինեն երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական ծրագիր՝ անվտանգության ոլորտի բոլոր հաստատությունները ներառող։ Բարեփոխումների իրականացման սկզբունքներից են՝
- արդյունավետություն, ներառականություն, հաշվետվողականություն,
- ազգային սեփականատիրություն,
- մարդու իրավունքի գերակայություն,
- այլ երկրների անվտանգություն,
- ճկունություն, զգայունություն կանանց, երեխաների և այլ խմբեր կարիքների նկատմամբ։
Շատ կարևոր է հակամարտություններից անմիջապես հետո անվտանգության հաստատությունների բարեփոխումներին մասին դրույթներ ներառել խաղաղության համաձայնագրերում։