Play Video
Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում իբրև դիմադրական իրավունքի իրացում. Աղասի Թադևոսյան| դիմադրության իրավունք. մաս 2

Ներկայացվող զեկույցի հիմքում ընկած են հեղինակի իրականացրած դաշտային հետազոտության արդյունքները: Դրանք ներկայացնում են ավելի քան 60 խորացված և փորձագիտական հարցազրույցների ու ներգրավված դիտարկումների տվյալները:
Կվերլուծվեն 2008թ. ի վեր իրականացված քաղաքացիական նախաձեռնությունները: Հիմնական հարցադրումները կլինեն:

  • Ի՞նչ հիմնական փոփոխություններ առաջացրեցին այդ նախաձեռնությունները ՀՀ քաղաքացիական կյանքում:
  • Ի՞նչ նոր կոլեկտիվ ինքնություններ ձևավորեցին դրանք: Ինչպիսի՞ն էին ինքնության ձևավորման պրակտիկաները և ինչպե՞ս դրանց ձևավորումը ազդեց նախաձեռնությունների ընթացքի վրա:
  • Ինչպիսի՞ նոր դիսկուրսներ և դիսկուրսիվ պրակտիկաներ ձևավորվեցին այդ նախաձեռնությունների ընթացքում և ինչպե՞ս դա ազդեց հասարակություն – իշխանություն փոխհարաբերությունների վրա:
  • Իշխանություն ներկայացնող կառույցների հետ փոխհարաբերվելու ի՞նչ նոր պրակտիկաներ ձևավորվեցին քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ:
  • Ինչպե՞ս ազդեցին քաղաքացիական շարժումները հասարակության մեջ իշխանության ընկալման ու իշխանություն իրակացնելու պրակտիկաների վրա:
  • Ինչպե՞ս ազդեցին քաղաքացիական շարժումները ազգայնական ու քաղաքացիական դիսկուրսների վրա:
  • Ինչպե՞ս ազդեցին քաղաքացիական նախաձեռնությունները հասարակության ներսում կլանային ու քաղաքացիական իշխանության ձևերի փոխհարաբերման վրա:

Ներկայացված հարցերից բխող հիմնական եզրակացություններն են.

  • Քաղաքացիական նախաձեռնություններից որոշներում, փորձ արվեց ձևակերպել «անկախ և ինքնորոշված քաղաքացու» կոլեկտիվ ինքնությունը, ինչը նպաստեց առաջ քաշելու «քաղաքացիական հայրենասիրության» կոնցեպցիան և հակադրելու այն «էթնոնացիոնալիստական հայրենասիրությանը»:
  • Քաղաքացիական նախաձեռնությունների արդյունքում ի հայտ եկան այնպիսի նոր դիսկուրսներ, որոնք խնդրականացնում էին «ո՞վ է քաղաքացին», «ինչպե՞ս պետք է հարաբերվի նա իշխանության հետ», «ի՞նչ է իրավունքը», «ի՞նչ է հանրային տարածքը» և այլ նմանատիպ հարցեր:
  • “Մեր կյանքը մենք պետք է փոխենք”, “որոշողը մենք ենք”, “երկիրը պատկանում է նրա քաղաքացուն», «իշխանությունը պետք է ոչ թե տիրի, այլ ծառայի քաղաքացուն”, “իրավունքը և օրենքը գերակա են իշխանավորից” և այլ նման բովանդակության բանաձևումները փաստացորեն փոխեցին ԽՍՀՄ շրջանից արմատավորված “մեր ձեռքն ի՞նչ կա, որ մենք ինչ անենք», սովորական մարդու անկարողությունը ամրապնդող դիսկուրսը։
  • Քաղաքացիական նախաձեռնությունները ազդեցին նաև դիսկուրսիվ պրակտիկաների փոփոխության վրա: Կոտրվեց ԽՍՀՄ-ից ժառանգված այն մտայնությունը, որ իրական դիսկուրսը դա իշխանության դիսկուրսն է, իսկ հասարակ մարդիկ պետք է պարզապես վերարտադրեն իշխանության դիսկուրսը:
  • Խորհրդային ժամանակներից ժառանգված իշխանության ներկայացուցչի հետ ուղղահայաց հարաբերության ձևերի փոխարեն քաղաքացիական նախաձեռնությունների անդամները կիրառում էին օրենքի և իրավունքի հարթությունում փոխհարաբերվելու քաղաքացիական պրակտիկաները։ Դա իշխանության ներկայացուցիչներին հաճախ թույլ չէր տալիս քաղաքացու հետ խոսել թելադրողի ու հրամայողի դիրքից, ստիպելով նրանց անցնել քաղաքացու հետ երկխոսության մեջ մտնելու պրակտիկաները, ինչն ըստ էության փոխում էր նաև իշխանություն իրացնելու պրակտիկաները։
  • Քաղաքացիական նախաձեռնություններից որոշներում իշխանության հետ առճակատման դեպքում հաջողվեց հասնել հաղթանակի վարչահրամայական բնույթի իշխանական պրակտիկաներին որպես հակակշիռ քաղաքացիական պրակտիկաներ գործադրելու միջոցով:
  • Քաղաքացիական նախաձեռնությունների ընթացքում ձևավորվեց ինքնակազմակերպման նոր ձևեր, որոնք տարբերվում էին հասարակության փակ և պահպանողական հատվածներում արմատավորված իշխանության հիերարխիկ ու կլանային ձևերից և հակադրում դրան հորիզոնական ու քաղաքացիական ձևը:
  • Կարևոր պրակտիկաներից էր նաև խոսքի փոխանակությունը փակ միջավայրերից հանրային միջավայր տեղափոխելուն ուղղված միջոցառումները և խոսքի միջոցով իշխանություն հաստատելու պրակտիկաների փոփոխումը:

Լայն առումով, իմ առաջարկը նվիրված է այն հարցին, թե ինչպես քաղաքացիական նախաձեռնությունները կարողացան որոշակի հաջողությունների հասնել, մի կողմից, իշխանության հետ փոխհարաբերվելու հպատակային դիսկուրսներն ու պրակտիկաները, մյուս կողմից, հասարակության մեջ տարածված իշխանության կլանային ձևը քաղաքացիականով փոխելու շնորհիվ: Զեկույցում Հայաստանին վերաբերող վերոնշյալ դիտարկումները կքննարկվեն դիմադրության շարժումների հասարակագիտական ու մարդաբանական ժամանակակից մի շարք տեսաբանների մոտեցումների (Della Porta D., Diani M., Whittier N., Melucci A., Klandermans B., Meyer D. և այլն) հետ համեմատությունների միջոցով:

Դիտեք նաև՝

Search