«Ֆոտոալբոմ» հաղորդման առաջին թողարկման հյուրը նկարիչ, արվեստի տեսաբան Արա Հայթայանն է։ Նրա առօրյայում հետաքրքիր զուգադրություն կա՝ նկարչությունը և հետաքրքրությունը դեպի լուսանկարչությունը․ նա հավաքում է լուսանկարներ, ալբոմներ, ընտանեկան արխիվի այլ հետաքրքիր տեղեկություններ և գրի առնում դրանք։ Նա նաև լուսանկարում է և ստեղծում սեփական ընտանեկան նոր ալբոմը։
Արա Հայթայանի հետ հետաքրքիր ճանապարհորդություն կատարեցինք դեպի նրա ընտանիքի անցյալ և նրանց օրինակով բացահայտեցինք մի շարք հետաքրքիր պատմություններ։
Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։