2020 թվականը եկավ մեզ՝ մարդկությանը, փոխելու․ տարվա ամենասկզբից համաճարակը սկսեց թելադրել ու սահմանափակել մեր՝ մինչև այդ սովորական դարձած առօրյան։ Այն ցույց տվեց մեզ, որ պետք է վերանայել ու նոր ձևով մտածել այն ամենի մասին, ինչ արել ենք նախկինում։ Դեպի տարվա ավարտ մենք ստացանք ամենաուժեղ հարվածներից մեկը՝ սկսվեց պատերազմ, և մենք նորից հայտնվեցինք մի վիճակում, որին շատ դժվար է անուն տալ և որը ստիպում է մեզ հենց հիմա կողմնորոշվել՝ ինչ պետք է անել այս պահից հետո, ուր է պետք գնալ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է կառուցենք մեր ապագան կրթության շուրջ։
Այս երկու հարվածներն ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան պատրաստ չենք մենք և որքան վերաբերմունքային, գիտելիքային, կազմակերպչական բացեր ունենք, ցույց տվեց՝ ինչպես ենք արձագանքում, ինչին ենք հավատում, ինչ տեսություններ են պտտվում օդում յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակում։ Վերջին իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ մեզ մոտ բացակայում է քննադատական մտածելակերպը կամ այն շատ քիչ է զարգացած, և պարզվեց, որ մենք տեղյակ չենք թե՛ փաստային գիտելիքից, թե՛ տեսլականներից և թե՛ աշխարհում կատարվելիքից։ Մենք կանգնեցինք շատ լուրջ խնդիրների առջև, և առավել լուրջ ընդգծվեց կրթության կարևորությունն ու կարիքը։ Այսօր կրթությունն ու գիտությունն արագ զարգացնելու ու դրանք կիրառության մեջ մտցնելու այլընտրանք չկա։
Մեր պատմության ինչ-որ ժամանակահատվածում մենք գտնվում էինք «առաջնագծում»․ մենք ունեինք գիտնականներ, կրթված էլիտա, որն առաջ էր տանում զարգացումը, բայց անընդհատ հետ նայելով մենք չենք կարող առաջ գնալ։ Աշխարհում ամեն ինչ փոխվում է, այդ թվում՝ կրթության հանդեպ պահանջները՝ ժամանակին զուգընթաց, աշխարհագրությանը զուգընթաց։ Այսինքն, մենք Խորհրդային միությունից դուրս գալուց հետո հաշվի չառանք՝ աշխարհին ինչ է պետք, մեզ ինչ է պետք, հաշվի չառանք, որ նոր իրողության մեջ ենք՝ նոր ու սակավ ռեսուրսներով։
2020 թվականին մեր կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունները ստիպեցին մեզ վերանայել մեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչ, և հենց մտածելու այս նոր առիթն է նոր հիմք ստեղծում կրթության համար։ Այս առումով մենք մի շատ հետաքրքիր վիճակում ենք հայտնվել և կարող ենք փորձել նորովի կառուցել մեր «հետո»-ն՝ հիմնելով այն կրթությունից բխող արդյունքների վրա։