Play Video
Արդի հայ երաժշտարվեստ՝ դիմադրությո՞ւն, թե՞ պարտություն| Արթուր Ավանեսով| մաս 2

Ասում են՝ երբ իտալացի մեծանուն ավանգարդիստ կոմպոզիտոր, երդվյալ կոմունիստ Լուիջի Նոնոն առաջին անգամ այցելել է Խորհրդային Միություն և ծանոթացել սոցռեալիզմի գաղափարախոսության տեսակետից “ճիշտ” կոմպոզիտորների ստեղծագործություններին, զարմանք էր հայտնել, թե ինչո՞ւ են առաջադեմ կոմունիստական երկրի արվեստագետները նմանատիպ “բուրժուական” արվեստ ստեղծում: Իրական թե մտացածին՝ այս պատմությունը մատնանշում է տարբեր հասարակարգներում արվեստի դերի ընկալման տարբերությունը. Նոնոյի համար երաժշտությունը պայքարի, հեղափոխության միջոց և խորհրդանիշ էր, կոմունիստ արվեստագետ լինելն էլ նշանակում էր առաջատար ու նախակարապետ լինել՝ առանց կոմպրոմիսների:

Դասական երաժշտությունը դարեր շարունակ իր զարգացման ընթացքում կուտակել է բազմաթիվ իմաստային շերտեր: Այդ շերտերից մեկն է երաժշտության՝ որպես պայքարի և դիմադրության միջոցի ընկալումը: Վերջիններս ծավալվում են տարբեր մակարդակներով՝ անձի ինքնարտահայտման անբռնազբոսությունից մինչև ազգային-ազատագրականը, սոցիալականն ու համամարդկայինը. դասական երաժշտության հատկանշական կողմերից է նոր, այլընտրանքային իրականությունների կերտումը: “Արվեստը դա միշտ Նոր Արվեստ է”, – ասում էր Առնոլդ Շյոնբերգը: Ավելին, պայքարի գաղափարն ընկած է կոմպոզիտորական արվեստի հենց նախահիմքերում՝ որպես դրա գոյության գրավական:

Հայ կոմպոզիտորական արվեստը, սկսելով իր կայացման ուղին դեռևս XIX դարի կեսերից և ծնունդ տալով բազմաթիվ արժեքավոր երևույթների՝ իր ողջ պատմության ընթացքում կարծես հետևողականորեն աչքատող է անում այդ կարևոր տեսակետը: Հատկապես նորագույն շրջանում, երբ արվեստագետի ստեղծագործական ազատությունն այլևս կաշկանդված չէ որևէ հասարակական կամ, առավել ևս, իշխանության կողմից առաջադրվող պարտադրանքներով, դեռևս ուժեղ են այն, թերևս ենթագիտակցական գործոնները, որոնք թույլ չեն տալիս հայ նոր երաժշտությանը դուրս գալու իր իսկ կողմից առաջադրված սահմանագծերից՝ դեպի այնպիսի հարթություն, որտեղ արվեստը կընկալվեր ոչ միայն որպես զուտ գեղագիտական հայեցակարգ, այլ նաև որպես իրականությանը ներազդելու հզոր միջոց: Այստեղ մեծ դեր ունի պատմականորեն ձևակերպված հայ արվեստագետի կերպարի նարատիվը, որի քննարկմանը պետք է նվիրված լինի առաջարկվող դասախոսությունը՝ երաժշտության՝ որպես պայքարի և դիմադրության արվեստի ընկալման համատեքստում:

Դիտեք նաև՝

Search