Ամեն առավոտ մինչ մենք արթնանում ենք, պատրաստվում ենք և հասնում ենք աշխատանքի կամ դասի, մենք հասցնում ենք տեղեկատվության հերթական չափաբաժինը ստանալ՝ վերելակում հանդիպող հայտարարությունների, արտաքին գովազդի պաստառների, վահանակների, գովազդային հաղորդագրությունների և սոցցանցերի միջոցով: Այսօր մենք ամեն օր հսկայական մասշաբների հասնող տեղեկատվություն ենք ստանում և շատ բարդ է դրանում չխճճվելը:
Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն լսարանի վրա: Որքան էլ ցանցերը մեծ տարածում ունեն, հետազոտությունները ցույց են տալիս, որ գոնե Հայաստանում ամենաազդեցիկը դեռևս ավանդական լրատվամիջոցներն են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեդիադաշտում ճանապարհը չկորցնելու համար պետք է ձեռք բերել որոշակի հմտություններ: Այդ հմտությունների ամբողջությունն անվանում ենք մեդիագրագիտություն: Զարգացած երկրներում մեդիագրագիտությունն արդեն տասնամյակներ ներառված է դպրոցական ծրագրերում, երեխաները վաղ տարիքից մեդիայի հետ վարվելու հմտություններ են ձեռք բերում: