Զրուցում են Հասմիկ Գևորգյանը՝ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, և Սոնա Բալասանյանը՝ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ:
Ի՞նչ է արհավիրքը: Այն դիտարկվում է որպես մարդու ու նրա կյանքի համար էքստրեմալ իրավիճակ: Սոցիալական տիրույթում արհավիրքի դեպքում քանդվում է նախկինում առկա կառուցվածքը: Արհավիրքը՝ սոցիալական սահմանմամբ, դիտարկվում է որպես սոցիալական և ֆիզիկական կտրուկ փոփոխություն: Արհավիրքները լինում են բնական և մարդածին, և ենթադրում են տարբեր սոցիոլոգիական մոտեցումներ: Բնական արհավիրքներից հետո մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու և ինչով են արժանացել դրան, սակայն, մարդածին արհավիրքների դեպքում մարդիկ սկսում են այլ մեղավորների փնտրել, պիտակավորել այս կամ այն անձանց կամ խմբերին:
Այս համատեքստում կարևոր է հասկանալ մեդիաների դերը: Այս նոր հասարակարգում, որտեղ ճգնաժամերն ու արհավիրքները, մեդիան կարևոր դերակատար է արհավիրքների վերարտադրման գործընթացում: Տեսաբանները խոսում են մեդիաիմպերիալիզմի, մեդիամանիպուլյացիաների, դեզինֆորմացիայի և ֆեյքերի մասին. մեդիան մարդկանց հաղորդակից է դարձնում այդ արհավիրքներին, րոպե առ րոպե տեղեկատվություն է տրամադրում այս կամ այն արհավիրքի, ճգնաժամի մասին: Ըստ Ժան Բոդրիարի, մենք ապրում ենք չարիքի թափանցիկության պայմաններում: Ինչո՞ւ են մեդիաները դիտարկում արհավիրքները: Մարդիկ ուզում են նոր տեղեկատվություն ստանալ, ազատվել գոյաբանական վակուումից, սակայն, արհավիրքի մասին անընդհատ տեղեկատվությունը ստեղծում է ճգնաժամում մշտապես գտնվելու զգացողություն:
Ինչպե՞ս կողմնորոշվել ճգնաժամում: Հասարակությունը հետաքրքրություն ունի ճգնաժամի, արհավիրքի հանդեպ, սակայն, միաժամանակ նաև՝ բացասական վերաբերմունք: Ճգնաժամը կարող է գոյանալ նաև դրական գործընթացներում: Սոցիոլոգիան արհավիրքը դիտարկում է որպես դերերի և կառուցվածքների փոփոխություն կամ վերացում. մարդիկ կարող են չտեսնել նոր կառուցվածքներ ստեղծելու հնարավորություններ: Ցանկացած ճգնաժամ պարունակում է զարգացում և կորուստ. ճգնաժամերից անհրաժեշտ է սովորել, ընդունել դրանք և վերլուծել: