Play Video

Արդյոք հնարավո՞ր է մշակել արդարության ունիվերսալ մի մոդել, որը կգործի բոլոր հասարակությունների պայմաններում, թե՞ յուրաքանչյուր հասարակություն ունի արդարության իր պատկերացումները` ելնելով մշակութային առանձնահատկություններից:

Երևի արդեն ժամանակն է, որ 21-րդ դարում մարդիկ հասկանան, որ լավ կազմակերպված հասարակությունը ոչ միայն այն հասարակությունն է, որն ուղղակիորեն բարիք է տրամադրում հասարակության բոլոր անդամներին, այլև արդյունավետորեն ինքնակարգավորվում է հենց արդարության սկզբունքներով: Սրա համար անհրաժեշտ է երկու պայմանի իրականացում. արդարության այդ սկզբունքները պետք է ընդունելի լինեն հասարակության բոլոր անդամների կողմից և հասարակության մեջ գործող սոցիալական ինստիտուտները պետք է օբյեկտիվորեն համապատասխանեն արդարության այդ սկզբունքներին:

Սակայն մենք տեսնում ենք, որ ժամանակակից աշխարհում դեռևս չկա արդարության այն իդեալական մոդելը, որը կստեղծեր նաև իդեալական հասարակություն: Խոսելով սոցիալական արդարության մասին` պետք է անդրադառնամ Ջոն Ռոուսի տեսությանը: Նախ պետք է նշել, որ նա իր մոդելը համարում է մի ունիվերսալ մոդել, այսինքն` այն աշխատում է ռացիոնալության հիմքի վրա կազմակերպված ցանկացած հասարակության պայմաններում: Այսինքն` այստեղ առաջին պայմանը մարդու ռացիոնալ լինելն է: Այնուհետև Ռոուսը հարցադրում և համադրում է արդարության և հավասրաության գաղափարները, որովհետև, կարծես, արդարությունը պետք է որ պահանջի հավասարություն: Սակայն Ռոուսը նշում է, որ ցանկացած հասարակական համակարգ պարունակում է անհավասարության կառույցներ, որովհետև ի սկզբանե հասարակական կառուցվածքում կան տարբեր սոցիալական դիրքեր: Սա նշանակում է, որ երբ մարդիկ ծնվում են, նրանք արդեն իսկ ոչ նույնական, ոչ հավասար պայմաններում են և այդ ոչ հավասար պայմաններն արդեն ենթադրում են ոչ հավասար հեռանկարներ: Այսինքն` այդ նախնական տարբերությունն արդեն իսկ հիմք է հանդիսանում այն խորքային անհավասարության համար, որը հետագայում դրսևորվում է:

Դիտեք նաև՝

Search