Վերջին պատերազմը, որն ընթանում էր ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ տեղեկատվական հարթակներում, բացահայտեց Հայաստանի անպատրաստությունը և հակառակորդի պատրաստվածությունը։ Մենք հասկացանք, թե ինչքան երկար ու լավ էր հակառակորդը պատրաստվել այս պատերազմին, ինչքան PR գործակալություններ են աշխատել իրենց կողմից և ինչքան գումարներ են ծախսվել այդ ուղղությամբ․ նրանք գիտակցում էին այս ոլորտում լավ պատրաստված լինելու կարևորությունը։ Այս ամենը հասկանալուց հետո մենք պետք է մտածենք՝ ինչպես առաջ շարժվել ու ինչպես հաջողության հասնել համաշխարհային մակարդակով։
Ակնհայտ է, որ թուրքական կողմը մեծապես աջակցում էր Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում ևս, և այս հարցում մեր հիմնական նպատակներից մեկը պետք է լինի մեր մասին տարածված տեղեկությունների «հաղթահարումը»։ Միջազգային կառույցների արձագանքը հաճախ ուշանում կամ բացակայում էր ոչ թե այն պատճառով, որ մենք չդիմեցինք նրանց, այլ որովհետև մեզնից առաջ հակառակորդն արդեն դիմել և հստակ դիրքորոշում էր ձևավորել այդ կառույցների մոտ։
Մարդիկ ու պետությունները պետք է հիշեն Հայաստանը որպես կարևորագույն խնդիրներ լուծող երկիր։ Այս գործընթացը կարելի է սկսել որևէ հստակ ու նեղ ուղղությամբ, որում Հայաստանը մեծ ներուժ ունի, և լուծել ինչ-որ կարևոր համամարդային խնդիր։
Բացի դրանից, պատերազմի հետևանքները հաղթահարելու և առաջ գնալու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքն է այս երկրի «սեփականատերը» և որ ինքը կարող է խթանել երկրի զարգացումը ոչ միայն իր գործը լավ անելով, այլ նաև փորձելով օգտակար լինել իր մասնագիտական ոլորտից դուրս։