Առնվազն 2000 թվականներից սկսած (ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում) հայկական տրամասային տարածության լայնորեն շրջանառվող ու տիրապետող գաղափարը, ըստ էության, «պատմական (ան)արդարություն» գաղափարն է: Վերջինս ներկայանում է որպես թե մի «հանգուցային կետ», որը փորձում է ստանձնել որոշակի տրամասություն կարգաբերելու գործառույթ: Ավելին` որոշակիորեն տիրապետող տրամասության «հանգուցային կետն» է: Երրորդ հանրապետության մերօրյա պատմության մեջ նրա շուրջ են հյուսվում պատումներ, որոնք վերաբերում են ներքին քաղաքականությունից (օրինակ, տնտեսական թույլ զարգացում, աղքատություն), մինչեւ արտաքին քաղաքականության հարցեր (Ղարաբաղյան հակամարտություն, Ցեղասպանության ճանաչում): Ուստի, հենց բուն գաղափարի կազմավորման ու արտիկուլացման քննումը կարծես անհրաժեշտություն է:
20-րդ դարի երկրորդ կեսին ակադեմիական տիրույթում հայտնվելուց ի վեր «պատմական (ան)արդարություն» գաղափարի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Եվ այդ ոչմիանշանակությունն այս պահի դրությամբ ոչ այնքան տեսական, որքան գործնական դրդապատճառներ ունի: Հարցադրումները, ենթադրվող փորձառությունները մշակվում ու դիտարկվում են, ըստ էության, վերլուծական փիլիսոփայության ավանդույթում եւ հետո փորձ արվում գործի դնել: Այսպիսով, կարծես չիրացված է մնում նրան մայրցամաքային ավանդույթի հենքի վրա մի քննական-քննադատական հայացք նետելու հնարավորությունը: Այս բանախոսությունը փորձելու է այդպիսի մի հայացք նետել` որպես ելակետ ընդունելով Դանքան Այվասոնի «պատմական (ան)արդարության» սահմանումը:
«Պատմական անարդարություն ասելով ես նկատի ունեմ անհատների, խմբերի, հաստատությունների կատարած չարիքները (harms) կամ անիրավությունները (wrongs) այլ անհատների, խմբերի հանդեպ, ովքեր այժմ մահացած են, բայց որոնց ժառանգներն այսօր ապրում են: «Ժառանգներ» ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն անհատներին, այլև անհատներից կազմված տարատեսակ խմբերին, ովքեր նույնանում են ժամանակի ընթացքում պահպանված (հաստատությունների ու պրակտիկաների մեջ առարկայացած) կոլեկտիվ ինքնության հետ»,- գրում է հեղինակը:
Այս սահմանմանը քննական-քննադատական հայացք նետելու պարագայում կարող են առաջադրվել հետեւյալ հարցեր.
ինչպիսի՞ գաղափարաբանական ազդեցությունների ներքո է «պատմական (ան)արդարություն» գաղափարը փորձել գիտական-փիլիսոփայական ձեւակերպում ստանալ ու լեգիտիմացվել: Ինչպիսի՞ առանցքային ըմբռնումներ են կազմավորում «պատմական (ան)արդարություն» գաղափարը: Արդյո՞ք դրանք ներքին պարադոքսների ծնունդ չեն տալիս: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել «պատմական (ան)արդարություն» գաղափարի որպես թե «հեգեմոնիկ» դիրքը հայոց մեջ: Այդ «հեգեմոնիայի» համար ինչպիսի՞ նախադրյալներ կան: Նրա արտիկուլացումը մեզանում ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի:
Բանախոսության շրջանակում այս հարցերին պատասխանելու փորձը մեթոդաբանական առումով հենվելու է կառուցապաշտական մարքսիզմի ( Լուի Ալթյուսեր), հետկառուցապաշտության (Ֆուկո, Դերիդա), հետմարքսիզմի (Էռնեստո Լակլաու, Սլավոյ Ժիժեկ) որոշ գաղափարների, հղացքների ու մեթոդների վրա (տրամասություն, տիրապետություն, հանգուցային կետ, գաղափարաբանություն, կազմաքանդում եւ այլն): Իհարկե, դրանց գործադրումը հայկական համատեքստի պարագայում ունի իր սահմանափակումները: Սակայն այդ գործիքները հնարավորություն կընձեռնեն ինչ-որ չափով ուրվագծելու եւ շոշափելի դարձնելու խնդրո առարկա երեւույթը: