Play Video
[Գլոկալ] ԱՄՆ․ հասարակություն | Լուսինե Խառատյան

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

Որևէ պետության, ազգի ինքնությունը քննարկելիս՝ պետք է հիշել մի քանի հիմնական սահմանող պարագա: Ամերիկացիներին առաջին հերթին սահմանող այդպիսի երևույթներից է քաղաքացիական հասարակությունը, և այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ պատմական զարգացմամբ: ԱՄՆ-ն ձևավորվել է տարբեր ժողովուրդների միջոցով և այդ գործընթացը հիմք է դարձել այսօր գոյություն ունեցող պետության: Ամերիկան ձևավորող ամենահիմնական գործոններից մեկը եվրոպական բողոքականությունն է, որը Եվրոպայում երկար ժամանակ ճնշված լինելու հետևանքով տեղափոխվեց նոր երկիր՝ Նոր աշխարհ կառուցելու: Բողոքականության արժեհամակարգի հիմքում ընկած էին մի շարք կարևոր դրույթներ՝ խորը հավատքը և այդ հավատքի ամենօրյա պրակտիկայով հաստատումը, ամենօրյա աշխատասիրությունը և վստահությունը համայնքի հանդեպ: Բողոքականությունը հավատարիմ էր քրիստոնեության առաջնային սկզբունքներին և այդ հավատարմությունը դրսևորվում էր ամենօրյա գործերում:

Այսօրվա քաղհասարակության տեսական հիմքում ընկած կարևորագույն աշխատություններից մեկը պատկանում է 19-րդ դարի ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս դը Թոքվիլին, որը հեղինակել էր «Ժողովրդավարությունն Ամերիկայում» երկը: Այն հիմնված էր Ամերիկայով ճամփորդության և սեփական փորձառության՝ եվրոպական կյանքի հետ համեմատության վրա: Թոքվիլն անդրադառնում է ամերիկյան կյանքի տարբեր ոլորտների և հատուկ տեղ է հատկացնում միավորումներին, որոնք ի տարբերություն Եվրոպայում արմատացած, կյանքը կարգավորող հին ինստիտուտների, ԱՄՆ-ում այդ հարաբերությունները կարծես կառուցվում են ներքևից վերև՝ բոլորովին նոր ձևով: Որքան հարաբերությունների նոր դաշտում կարևոր է անհատի ազատությունը, այնքան էլ անհատների միջև միավորումները: Այդ միավորումները՝ ասոցիացիաները, անհատներին հավաքում են որոշակի խնդրի վրա և ազդում ավելի բարձր մակարդակի որոշումների վրա և միաժամանակ կանխում անհատների ատոմիզացիան՝ միավորելով նման գաղափարներով ու արժեքներով մարդկանց: Ամերիկյան ժողովրդավարության հաջողությունը մեծապես կապված է միավորումների հաջողության հետ: Այս միավորումներն ունեն տարբեր տեսք և բովանդակություն. այսօրվա քաղհասարակությունը կարող է բաղկացած լինել թե՛ հետաքրքրությունների, թե՛ հավատքի, թե՛ այլ սկզբունքով միավորված խմբերից:

Ասոցիացիաներն աստիճանաբար զարգացան և սկսեցին թելադրել երկրի քաղաքականությունը: Ամերիկյան քաղհասարակությունը կազմված է քաղաքական կուսակցություններից, պետությունից դուրս գտնվող հազարավոր կազմակերպություններից, որոնք ամենօրյա ռեժիմով ազդում են քաղաքական օրակարգի ձևավորման վրա՝ լոբիստական խմբերի միջոցով բերելով օրինագծեր և այլն: Այս դաշտը չափազանց բազմազան է՝ ծածկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները և հնարավորություն է տալիս մարդկանց խնդրայնացնել և քննարկել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են հասարակությանը: Ստեղծվում է մի միջավայր, որտեղ հնարավոր է բազմակարծությունը, քննարկումն ու վիճաբանությունը: Այն կարևոր է նաև այն առումով, որ հասարակությանն օգնում է զերծ մնալ բռնությունից. ցանկացած քննարկում փաստարկված է լինում:

Ամերիկյան քաղհասարակության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա որոշ կառույցներ սկսում են պետության գործառույթներ իրականացրել, օրինակ՝ մատուցել կրթական, սոցիալական ծառայություններ: Սրա հիմքում ընկած է միավորումների՝ ասոցիացիաների իրավունքը:


Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան օժանդակությամբ Հայաստանում անցկացվող առաջին իսկ ծրագրերը քաղհասարակությանն օժանդակելու նպատակ ունեին: Դա պայմանավորված էր այն փաստով, որ սոցիալիստական երկրներում գործում էր վերևից ներքև՝ պետության վերահսկողության մոդել, իսկ ժողովրդավարություն հաստատելու համար անհրաժեշտ էր գործընթացը կայացնել ներքևից վերև: Փաստացի, 1990թթ. սկսած ԱՄՆ սկսեց «արտահանել» ժողովրդավարությունը: Այս գործընթացը մեծ քննադատության արժանացավ, քանի որ հարցական էր մնում՝ ժողովրդավարությունն է հետևում քաղհասարակությանը, թե հակառակը:

Դիտեք նաև՝

Search