Play Video

Իսրայելի բնակչությունը գերազանցում է 9մլն մարդ, որից 75% հրեա, 21-22% պաղեստինցիներ և 3-4% այլ ազգերի ներկայացուցիչներ: Հրեաները բաժանվում են տարբեր խմբերի՝ ըստ աշխարհագրության: Հիմնական խմբերը արևմտյան Եվրոպայից, Իսպանիայից, Մերձավոր Արևելքից եկած և հենց Իսրայելում ծնված հրեաներն են: Հրեաները բաժանվում են ոչ կրոնական և կրոնական խմբերի, իսկ կրոնական խումբն իր հերթին ներառում է ուղղադավաններին, մոդեռնիստական բարեփոխիչներին և կրոնական սիոնիզմի հետևորդներին: Աշխարհիկ հրեաների գաղափարային հիմնական խմբերն են սիոնիստները, ձախերը և խորհրդային հրեաները, թեև վերջիններիս մեծ մասը կրոնական է: Իսրայելական հասարակությունում ծայրահեղ լարված է հարաբերությունը կրոնական ծայարահեղականների (խարեդիմների) և աշխարհիկ շերտի միջև: Խարեդիմները մերժում են պետության կողմից իրենց իրավունքների սահմանափակումը, բայց մյուս կողմից ձգտում են ներկայացուցչական մարմիններում ունենալ ձայներ և ազդել քաղաքականության վրա:

Հրեական բնակչությունը ձևավորվել է հայրենադարձության տարբեր ալիքների արդյունքում: 1929-30թթ. հայրենադարձության հինգերորդ ալիքի ընթացքում ժամանած հիմնականում գերմանաբնակ հրեաները, որոնք սոցիալական բարձր շերտերի ներկայացուցիչներ էին՝ պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, գիտնականներ, բանկային համակարգի աշխատողներ, ինժեներներ, բժիշկներ, ձևավորեցին Իսրայելը՝ պետականաշինության այսօրվա մշակույթով:


«Պաղեստինցիներ» եզրույթը ընդունված է գիտական գրականության մեջ որպես իսրայելաբնակ արաբներին նշող հասկացություն: Պաղեստինցիները բաժանվում են երեք խմբի՝ մուսուլմաններ (82%), քրիստոնյաներ և դրուզներ (յուրաքանչյուրը՝ մոտ 9%): Մուսուլման պաղեստինցիները հիմնականում սուննիական իսլամի հետևորդներ են: Նրանց մի մասը բեդվիններ են, բնակվում են անապատում, շատ քիչ են ներգրավված պետության աշխատանքում, ցածր կրթական ցենզ ունեն և ապրում են չճանաչված համայնքներում՝ զուրկ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումից: Մյուս խումբը չերքեզներն են, որոնց թվաքանակը փոքր է և որոնք Օսմանյան կայսրության դարաշրջանում գաղթել են Հյուսիսային Կովկասից: Մյուս խումբը դրուզներն են, որոնք փակ համայնք են, բնակվում են բերրի, լեռնային հատվածներում, զբաղվում են գյուղատնտեսությամբ: Դրուզների մի մասը չի ընդունում Իսրայելը՝ որպես պետություն:

Իսրայելական հասարակության բազմաշերտությունը հուշում է, որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ստեղծված են համապատասխան գործիքակազմեր: Ամենակարևոր գրոծիքակազմը հասարակական կամավորական գործունեությունն է, որը շատ լայն տարածում ունի Իսրայելում: Իսրայելում գոյություն ունի 10000-ից ավել հասարական կառույց և ֆոնդ, որոնք ստեղծված են տարբեր խնդիրների շուրջ, որոնցից ամենակարևոր խնդիրը համակեցությունն է: Իրայելի պաշտոնական լեզուներն են եբրայերենն ու արաբերենը, սակայն, կրթական համակարգն անջատ է կազմակերպված: Պետությունը տրամադրում է աշխարհիկ և կրոնական կրթություն, սակայն, արաբական միջավայրում ուսուցումն արաբերեն է, ինչը բերում է համայնքների մեկուսացման և, հետագայում, ինտեգրման խնդիրների:

Դիտեք նաև՝

Search