Play Video

Իրանի հասարակական առանձնահատկությունների նշելիս՝ առաջինը կհիշենք հյուրասիրությունը, անսպառ դիվանագիտությունը՝ այդ թվում առօրյա կյանքում, դյուրազգացությունը և դրանից բխող՝ մի կողմից, կազմակերպվածության պակասը, մյուս կողմից՝ արտաքին վտանգների դեմ հասարակության համախմբվելու ունակությունը, նաև դավադրությունների ու հերոսի փնտրտուքը, որոշակի ցուցամոլությունը: Սոցիալական կապերի և փոխհարաբերությունների իրանյան համակարգում այս բոլորն ունեն իրենց տեղը, սակայն, կա Իրանի պատմության ողջ ընթացքում գոյություն ունցեած հիմքային մի առանձնահատկություն՝ հավատքային-միֆոլոգիական և աշխարհիկ-հասարակական երկակիություն: Այս երկակիությունը առկա է անկախ երկրում տիրող հասարակարգից. դեռ շիական Սեֆյանների և Ղաջարիների օրոք շահական պալատներում կարելի էր տեսնել աշխարհիկ խնջույքներ, իսկ անգամ ամենալիբերալ իշխանությունների՝ Փեհլևիների օրոք երկրում տեղի էր ունենում շիականության ահռելի տարածում: Այս հավասարակշռությունը փոխվեց Իսլամական հեղափոխությունից հետո, երբ շիական իսլամը դարձավ տիրող հասարակարգ: Վեստերնիզացիան փոխարինվում է շիաների գաղափարախոսությամբ, որը ենթադրում էր, որ հասարակարգն ու իշխանությունը բխում են գաղափարակից և նույնադավան ժողովրդի քաղաքական իդեալների մարմնավորումից:

Երկակիությունը տարածվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներով՝ կենսաձև, հագուկապ, անգամ երեխայի անվան որոշում: Հասարակական ընկալման մեջ մարդիկ բաժանվում են կրոնավոր և աշխարհիկ խմբերի: Մշակույթը ևս ունի ֆորմալ և ոչ ֆորմալ, թույլատրված և ոչ թույլատրված դրսևորումներ: Ընտանեկան, ազգակցական կապերը, զույգերի հարաբերություններն ու սեռականությունը, կրոնի հանդեպ վերաբերմունքն ու միջսերնդային կապը՝ բոլորն ունեն աշխարհիկ և կրոնական դրսևորումներ: Այս համատեքստում, հասարակության շարժիչ ուժերն էլ է կարելի բաժանել երկու խմբի: Առաջինը արդիականացման, որոշակի ազատականացման, քաղաքացիական հասարակության ձևավորող ուժերն են՝ «բարեփոխման կողմնակիցները», որոնց մեջ է մտնում մշակութային միջին խավը, լրագրողները, բլոգերները, սոցիալ-մեդիայի ակտիվիստիները, քաղաքացիական ակտիվիստները, բարեփոխիչ քաղգործիչները, հոգևորականության մի մասը, աշխարհիկ կյանքի ու ժողովրդավարության կողմնակից մտավորականությունը ու շուկայի մասնավոր հատվածը՝ մոտ 20%: Մյուս, գերիշխող խումբը իսլամական համակարգի պահպանման կողմնակիցներն են, որոնք ընդդիմանում են ազատականացման ցանկացած գաղափարի՝ այդպիսիք համարելով Արևմուտքի կողմից ներմուծված, իրանական հասարակության հիմքերը խարխլող ազդեցություններ: Այս խմբին են պատկանում իրանական բյուրոկրատիան, հոգևորականության հիմնական մասը, իսլամական ճեմարանները, աղոթապետերի խմբերը, պահպանողական մտավորականությունը, ավանդական բազարի առևտրականները, զինվորականները և աշխարհազորայինները:

Իրանի իրավական համակարգն ունի նախապայմանային տրամաբանություն. քաղաքացիները պարտավոր են նախապես ուսումնասիրել և ընդունել որոշակի օրենքներ, ինչից հետո միայն հնարավորություն կունենան օգտվել իրավունքներից և ազատություններից: Երկրի վեց հիմնական ինստիտուտը՝ տնտեսությունը, քաղաքականությունը, կրոնը, կրթությունը, մշակույթը և ընտանիքը, բացառությամբ վերջինի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազմակերպվում են պետական ապարատի կողմից: ՀԿ-ները և միությունները սահմանադրորեն ազատ են, եթե նրանց գործունեությունը չի հակասում անկախության, ազատության, ազգային միասնության և իսլամի չափանիշներին և հանրապետության հիմքերին:


Դիտեք նաև՝

Search