Play Video

Հնդկաստանն աչքի է ընկնում իր բազմազանությամբ բոլոր ոլորտներում, հատկապես մշակույթում՝ ինկլյուզիվության շնորհիվ։ Այսպես, երկրում խոսում են 780 լեզվով։ Հնդկաստանի պետական լեզուն հինդին է, սակայն երկրի մի շարք նահանգներում ընդհանրապես չեն տիրապետում այս լեզվին․ այնտեղ բնակչության հաղորդակցման հիմնական լեզուն իրենց լոկալ լեզուն է կամ անգլերենը։ Սա նաև խոսում է ազդեցությունների ցիկլի մասին, որոնցով Հնդկաստանն անցել է իր պատմության ընթացքում և որի շնորհիվ ձևավորվել է երկրում տիրող բազմազանությունը։

Հնդկաստանի հասարակության մասին խոսելիս հաճախ է ընդգծվում, որ երկրում ապրում են ծայրահեղ աղքատ և ծայրահեղ հարուստ մարդիկ, սակայն երկրի ընդհանուր վիճակը պատկերացնելու համար կարևոր է նշել, որ Հնդկաստանի ՀՆԱ-ն մոտ հինգ անգամ ավելի ցածր է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ Այսինքն, ծայրահեղությունների կենտրոնացման, տարբեր ոլորտների զարգացած կամ, հակառակը, հետամնաց լինելու պայմաններում երկիրը շարունակում է աղքատ մնալ։ 

Հնդկաստանի հասարակությունն ուսումնասիրելիս առաջնային խնդիր է երկրի մշակութային բազան հասկանալը, բնակիչների մտածելակերպի մասին պատկերացում կազմելը։ Այդ մշակութային բազան շատ խորը և լուրջ ձևով նստած է հնդիկների ավանդույթների մեջ (հիմնականում հոգևոր), որոնք բարդ երևույթներ են օտարերկրացիների ընկալման համար։ Այսպես, օրինակ, յոգան, որը մեզ համար տարրական մարմնամարզություն է, իրականում ֆունդամենտալ աճի պրակտիկա է՝ ուղղված ասկեզայի, հսկայական տառապանքի, մեծ հոգևոր ու ֆիզիկական ճիգերի միջոցով դեպի վեր աճելուն։

Հնդկաստանը նաև աչքի է ընկնում ընտանեկան արժեքներով․ այստեղ, օրինակ, բաժանությունների ամենացածր տոկոսներից մեկն է աշխարհում։ Պատճառն այն է, որ հնդիկներն ամուսնանում են, այսպես ասած, մի քանի կյանքի կամ նույնիսկ հավերժության համար, իսկ երեխա ունենալը նրանց համար կարող է կապվել մի քանի կյանք հետո սպասվող որևէ իրադարձության հետ։

Կաստային համակարգը Հնդկաստանի ամենաակնառու երևույթներից մեկն է, որը հասկանալու համար, բացի տեսական ուսումնասիրություններից, պարտադիր պայման է երկրում ապրելը և ճանապարհորդելը։ Կաստային համակարգը հասարակության ստրուկտուրիզացիայի ֆունդամենտալ մոդել է, որը գործում է դարերով և բնորոշում մարդկանց ապրելաոճը։ Սակայն պետք է նշել, որ այժմ գործող կաստային համակարգը վեդայական դարաշրջանում ստեղծված համակարգի դեգրադացված տարբերակն է։ Մասնավորապես, համակարգը սկսեց դեգրադացվել ժառանգական կաստայականության ստեղծման պահից, իսկ ավելի վաղ կաստաների պատկանելությունը բաշխվում էին ըստ մարդու արժանիքների, պսիխոտիպի, ներուժի․ սա էր մարդուն ամենամեծ հոգևոր աճի հնարավորություն տվող ճանապարհը։ 

Դիտեք նաև՝

Search