Տղամարդ-կին հարաբերությունների անհավասարությունն առկա է ամբողջ աշխարհում, ուստի ընտանեկան բռնությունն էլ բնորոշ է բոլոր մշակույթներին: Աշխարհում ամեն երրորդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության:
Ընտանեկան բռնությունը միջազգային իրավունքի ասպարեզում հայտնվեց կանանց իրավունքների պայքարի համատեքստում: 1980-1990թթ. ՄԱԿ-ի և, այնուհետև, Եվրոպայի Խորհուրդը հետզհետե խստացրին ընտանեկան բռնության վերաբերյալ պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում ընտանեկան բռնության խնդիրներով պատասխանատվության սկսեցին ենթարկվել պետությունները:
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW Committee) գործառույթներն են պետություններին հանձնարարականներ տալն ու զեկույցներն ստանալը, ինչպես նաև անհատական գանգատների ընդունումը: Հանձնարարականների օրինակներ են՝ կանանց նկատմամբ բռնությունը՝ որպես խտրականություն դիտարկելը, պետության կողմից պատասխանատվությունը՝ երրորդ անձի կողմից կիրառված բռնության դեպքում, դատական եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար գենդերային զգայունության դասընթացներ իրականացնելը: Պետությունը պիտի պատշաճ ջանասիրությամբ քննի ընտանեկան բռնությանը վերաբերող ցանկացած բողոք, բռնության զոհերին աջակցություն ցուցաբերի և առավելագույնն անի հետագա հանցագործությունները կանխելու համար:
Եվրոպայի խորհրդում գործում են Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան և Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա):
Հայաստանը մինչ օրս չունի ընտանեկան բռնության վերաբեյալ հատուկ օրենսդրություն: Պետությունը չի աջակցում բռնության ենթարկված կանանց, չի ապահովում նրանց կացարաններով: ՀՀ կառավարության ընդունած Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի արդյունքները մնում են դեռեւս ոչ չափելի, քանի դեռ ծրագրի ավարտից հետո երկրում չի անցկացվել ընտանեկան բռնության վերաբերյալ համապետական հետազոտություն: