Play Video

Հասարակական գիտությունների մեջ դեմոգրաֆիան (ժողովրդագրություն) ունի իր ուրույն և շատ կարևոր դերը, քանի որ ուսումնասիրում է հասարակության կառուցվածքը: Դեմոգրաֆիայի բաղկացուցիչները կարող ենք բաժանել երեք մեծ խմբի, որոնցից երկուսն առչնվում են բնական շարժին, մեկը` մեխանիկական: Բնական շարժին առնչվող բաղադրիչներն են ծնունդների և մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների ուսումնասիրությունը, իսկ մեխանիկական շարժին առնչվող հատվածը միգրացիոն ուսումնասիրությունն է: Դեմոգրաֆիական շարժերն անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր դիտանկյուններից` տնտեսություն, սոցիալական զարգացումներ, հասարակության մեջ բարոյական նորմերի փոփոխություններ և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմոգրաֆիան առնչվում է ինչպես անհատի կյանքին, այնպես էլ խմբերի, հասարակության և պետության գործունեությանը, անվտանգությունն այս պարագայում եռաբաղադրիչ է`

  • Մարդկային անտանգություն (human security)` անվտանգության ուսումնասիրությունների ոլորտում վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ նշանակալիություն ձեռք բերող հասկացություն,
  • Հասարակական անվտանգություն` հասարակության կայուն վերարտադրողականության հնարավորություն,
  • Պետության անվտանգություն` զինված ուժերի քանակի ապահովման հնարավորություն, տնտեսական արտադրողական պոտենցիալի ապահովման հնարավորություն:

Միգրացիայի և անվտանգության կապն առաջին հերթին դսրևորվում է փիլիսոփայական, կոնցեպտուալ մակարդակում. օտարի հետ շփումը միշտ պարունակում է որոշակի ռիսկեր: Միգրացիոն ոլորտի ուսումնասիրություններն առավել ընդլայնվել են 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին և հիմնականում բնորոշ են արևմտյան երկրներին, քանի որ միգրացիայի հոսքը մեծամասամբ հենց այդ ուղղությամբ է: Միգրանտ ընդունող երկրների մոտ անվտանգությունը և միգրացիան սերտորեն փոխկապակցվում են, քանի որ ընդունող երկիրն առնչվում է ուղղակի անվտանգության խնդիրների հետ: Իսկ միգրանտ ուղարկող երկրներում անվտանգությունը և միգրացիան փոխկապակցվում են հիմնականում դեմոգրաֆիական մակարդակում: Պետությունը բախվում է հետևյալ խնդրին` եթե մարդիկ լքեն երկիրը, թեկուզև աշխատանքային միգրացիայի նպատակներով, արդյո՞ք ուղարկող երկիրը կկարողանա ապահովել վերարտադրողական բնակչության անհրաժեշտ մակարդակ, արդյո՞ք կունենա աշխատանքային բավարար ռեսուրսներ, որպեսզի կարողանա իր տնտեսությունը կայուն մակարդակի վրա պահել:

Դիտեք նաև՝

Search