Հայաստանը, յոթանասուն տարի շարունակ լինելով Խորհրդային ամբողջատիրական համակարգի մի մաս, մինչ այսօր էլ իր մեջ կրում է այդ հասարակարգի առանձնահատկությունները: Սոցիալական ապահովության, կյանքի նվազագույն մակարդակի և այլ երևույթների համար ԽՍՀՄ քաղաքացին բարձր գին էր վճարում. անհատական նորարական նախաձեռնությունների սահմանափակություն, գործող իշխանություններին լոյալություն և սոցիալական հարմարվողության պասիվ մեխանիզմներ:
Հետխորհրդային հասարակություններում առկա է սոցիալ-հոգեբանության մեջ հայտնի ձեռքբերովի անօգնականության համախտանիշը. անելանելիության զգացումից դրդված քաղաքացիները պատրաստ են մասնակից լինել ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած հանցագործության: Անօգնականության համախտանիշը զուգորդվում է սեփական գործողությունների հանդեպ քաղաքացիների թերահավատությամբ և պատասխանատվությունից հրաժարմամբ: Հայաստանում անհատական նախաձեռնությունները բխում են անհատական գոյատևման կենսափիլիսոփայությունից. չկան միասնաբար գործելու ու միասնական արդյունքի հասնելու միտումներ:
Ձեռքբերովի անօգնականության հիմնական երեք աղբյուրներն են մարդկանց սեփական ձախողված կենսափորձը, շրջակա մարդկանց կենսափորձը և հասարակական մակարդակում կանխորոշվածության և պասիվության մթնոլորտը: Պատերազմական իրավիճակն ու աղքատության բարձր մակարդակը պրոբլեմատիկ են դարձնում ազատ քաղաքացու երևույթի մասին:
Այլընտրանք կարող է լինել ինքնավար քաղաքացիներ դաստիարակելու սկզբունքը: Կրթության բազային մակարդակներից բացի (սովորել որոշակի նյութ կամ սովորել սովորելու ձևերը) կարևոր է սովորել սեփական այլընտրանքներ և մոտեցումներ գեներացնելու մեթոդները: Ինքնավար քաղաքացու ձևավորման գործում կարևոր է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ իր գործողությունները կարող են որոշակի նշանակալի արդյունքի բերել: Քաղաքացիներին անհրաժեշտ է սովորել սեփական կարծիք ձևավորելու մշակույթը՝ ինքնուրույն գործելու և հանուն ընդհանուր նպատակների համագործակցության նոր տեսակներ ստեղծելու ձևերը: Այժմ Հայաստանում առկա է (հատկապես, երիտասարդության շրջանակներում) հասարակական շարժման աննախադեպ ակտիվություն, որի համարժեքը դժվար է գտնել այլ երկրներում: