Պետական մասշտաբով իրականացվող ցանկացած պրոպագանդա, որպես կանոն, փորձում է լուծել երկու խնդիր․
1. Մանրամասն հիմնավորել ժողովրդի, ազգի կամ պետության առաքելությունը համաշխարհային թատերաբեմում
2. Ցույց տալ, որ պետությունն ու իշխանությունը առաքելության կատարման համար նույնականացվում են, ավելին, միայն ներկա իշխանությունն է ի զորու ուղղորդել մարդկանց այդ առաքելության կատարման գործում
Պրոպագանդաների նպատակները, որպես կանոն, նույնական են գերտերությունների համար, սակայն մեսսիականության իրագործման մեթոդները և գործիքները տարբերվում են։
Այսպես, ԱՄՆ –ում առաքելություն կատարողը պետությունն է, Ռուսաստանում՝ ժողովուրդը, իսկ Հայաստանում՝ ազգը:
Այդ տարբերակումները սերտորեն կապված են ինքնանույնականացման ամենատարածված տարբերակի հետ, որն իր հերթին բացահայտում է, որ հանրությունը ծառայելու է իբրև պրոպագանդայի թիրախ, գործիք և զոհ միաժամանակ:
Այս հակասությունը կարող է մասամբ լուծվել միայն ինֆորմացիոն հակա-հոսքերի առկայության պարագայում: Պրոպագանդայի ֆիլտրեր ունենալու համար անհրաժեշտ է հակա-պրոպագանդա, որը դարձյալ գործում է նույն մեթոդաբանությամբ, միայն թե, առաքելություն է համարվում քարոզչամեքենայի՝ պարտադրված առաքելության կարծրատիպից ազատվելը:
Ինչպե՞ս է դուրս գալու այդ իրավիճակից շարքային մարդը․ լինի նա ԱՄՆ, ՌԴ, թե ՀՀ քաղաքացի: