Մշակութաբանությունը տարբերակում է միֆոլոգիական մտածելակերպով հասարակությունների ու ոչ միֆոլոգիական մտածելակերպով հասարակությունների։ Միֆոլոգիական մտածելակերպով հասարակությունների համար կրոնադիցաբանական պատումները, հերոսներն ու իրադարձությունները նույնքան կենդանի ու արդիական են, որքան իրենք՝ հասարակությունները։ Այսպիսի հասարակություններում քաղաքականության և հատկապես պոպուլիստական քաղաքականության անբաժանելի մաս են կազմում կրոնադիցաբանական պատումները։ Այդ պատումներում արծարծված թեմաները, դրանց հերոսներն ու հակահերոսները դառնում են քաղաքական կերպարների արխետիպեր, որոնց պայքարն ու գաղափարախոսությունը խարսխվում է նույն այդ պատումների վրա։
Իրանի մշակույթի առանձնահատկությունների ու քաղաքական դիսկուրսի վերլուծությունը ցույց է տալիս, որ միֆոլոգիական մտածելակերպով հասարակության քաղաքականության հետ ենք առնչվում. և դա վերաբերում է և՛ մինչհեղափախական, և՛ ետհեղափոխական ժամանակաշրջանին։ Եթե մինչհեղափոխական իրանական քաղաքականության գլխավոր բաղադրիչներն էին դիցաբանական, էպիկական պատումները, ապա հեղափոխությունը առաջին պլան մղեց շիա իսլամական կրոնական պատումներն ու դրանց հերոսներին դարձրեց քաղաքականության գլխավոր դերակատարներ։
Ինչպիսի՞ քաղաքական միֆեր են ակտուալացվում Իրանի ժամանակակից քաղաքականության մեջ, ինչպիսի՞ միֆերով են առաջնորդվում հակաիշխանական բողոքի ցույցերը և ինչպիսի՞ կրոնադիցաբանական պատումներ են սնում այդ միֆերը: