Մենք հիմա ապրում ենք տարօրինակ մուլտիվերս Հայաստանում, որտեղ տեղեկատվական տարբեր հոսքերը սկսել են ստեղծել տարբեր աշխարհներ, իրականություններ` մի խումբ մարդիկ, ովքեր միայն մի տիպի նորություններ են կարդում, մի խումբ մարդիկ, ովքեր փորձում են ինչ-որ բաներ անտեսել, ինչ-որ բաներ` հակառակը ուռճացնել, սփյուռքում էլ կան խմբավորումներ, որոնք լրիվ կտրվել են իրականությունից և իրենց համար ինչ-որ այլընտրանքային Հայաստաններ են ստեղծել: Ֆեյսբուքի ու այլ սոցիալական ցանցերի ալգորիթմներն էլ էլ ավելի են մարդկանց պարփակում այդ աշխարհներում: Ու այս մեծ կաթսայում եփվող տեղեկատվությունը հենց այնպես չի սպառվում, նաև մարդկանց հոգեբանական վիճակի վրա է ազդում, առավել ևս հետտրավմատիկ սինդրոմի մեջ գտնվող երկրում:
Մենք մտել ենք մի ժամանակաշրջան, որը պատերազմը էլ ավելի խորացրեց, երբ մարդիկ ուզում են կարդալ, տեսնել այն, ինչը ուզում են, ոչ թե այն, ինչը իրականությանը համապատասխանում է: Մեծ հաշվով, այսօր մարդկանց մեծամասնությունը աղբյուրներին ուշադրություն չի դարձնում: Շատ հաճախ երբ մարդկանց հարցնում ես` որտեղի՞ց իմացար, ասում են` Ֆեյսբուքից կամ Տելեգրամից, գիտակցության մեջ չի էլ ֆիքսվում, թե կոնկրետ որ լրատվականից կամ էջից է նորությունը ստացվել:
***
Ցանկացած մարդ, ով Ֆեյսբուքում կամ Ինստագրամում ունի լուսանկարներ, կարող է դառնալ ինչ-որ առասպելի հերոս, ու այդ առասպելը միշտ չի լինի «դրական» կամ «հերոսական», ինչպես այս դեպքում, այն կարող է նաև մարդուն սևացնել ու վարկաբեկել: Նույնիսկ տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու դեպքում չկան հստակ ընթացակարգեր, սկզբունքներ, թե անձնական տվյալները ինչպես պետք է հանրայնացվեն:
Ու նաև պետք է հաշվի առնել մի կարևոր, զուտ հայկական խնդիր: Շատ ուրիշ հանրություններ համացանց մտել են սահուն ու դանդաղ, մի քանի տասնամյակի ընթացքում, իսկ Հայաստանում մինչև 2009-2010 թվականները համացանցից օգտվում էր բնակչության 4-5%-ը, հիմնականում` ՏՏ ոլորտի հետ կապ ունեցող մասնագետներ, լրագրողներ: Իսկ մյուս բոլորը միանգամից են մուտք գործել համացանց, ու իրենց սովորեցնող չի եղել: Համացանցի մշակույթը նոր է, դեռ չկան ձևավորված ավանդույթներ, մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչպես չի կարելի վարվել համացանցում` թե էթիկայի տեսանկյունից, և թե անձնական ու հանրային անվտանգության տեսանկյունից: