Play Video
29. Ժամանակի կառավարում. Անուշ Ալեքսանյան | #պրակտիկհոգեբանություն

Այսօր բոլորս գանգատվում ենք ժամանակի պակասից: Ժամանակի կառավարման մասին շատ է խոսվում, առաջարկվում են տարբեր հնարքներ և միջոցներ, սակայն, չնայած այս բոլոր նախաձեռնություններին, «չհասցնողների» թիվն այդպես էլ չի պակասում: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր համար հասկանալի դարձնի՝ ինչի՞ հետ է կապված իր ժամանակի սղությունը կամ որտեղի՞ց է գալիս գործերը չհասցնելու խնդիրը:

Առաջին հերթին ժամանակի կառավարման խնդիրն առաջանում է անհամարժեք առաջնահերթությունների պատճառով: Երբ մարդ ունի մի շարք առաջնահերթություններ, որոնք ենթաստորադասված չեն իրար և շատ հստակ վերլուծված չեն ու դրանց հասնելն, իրականում, բավականին դժվար է:

Ժամանակի կառավարման խնդիրների մյուս պատճառը ցածր ինքնագնահատականն է և «Ոչ» ասելու անկարողությունը: Այս պարագայում մարդն իրեն ուղղված առաջարկների մեծամասնությանն ավելի հակված է ասելու «Այո», քան՝ «Ոչ»՝ առանց հավասարակշռելու իր հնարավորությունները, առանց չափելու իր ժամանակային օբյեկտիվ հնարավորությունները: Սա բավական լուրջ անձնային խնդիր է, քանի որ այս պարագայում մարդը վախ ունի, որ իր «Ոչ»-ը չի ընդունվի: Նա ցանկանում է արժանանալ բոլորի հավանությանն ու գոհունակությանը, ինչի հետևանքով օրվա վերջում ստիպված է լինում «Ոչ» ասելու ինքն իրեն: Նման ներքին խնդիրներ ունեցող մարդը մշտապես դատապարտված է «չհասցնելու» և ժամանակի հետ կապված անբավարարվածության զգացում ունենալու:

Ժամանակի պակասի մյուս կարևոր պատճառը տագնապն է, որն ինչ-որ տեղ կարող է հանգեցնել դանդաղաշարժության, դանդաղկոտության: Այս երևույթը նույնպես ունի շատ խորքային անձնային պատճառներ, որոնք կարիք ունեն լուծվելու, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ տագնապը: Այս տագնապի վերացման հետևանքով մարդը կկարողանա ավելի լավ կազմակերպել իր օրը: Ի՞նչ է մեզ հետ անում այս տագնապը. մենք վախենում ենք, որ գործը չենք հասցնի ավարտին՝ դեռևս գործը սկսելուց առաջ, վախենում ենք, որ այդ գործը լավ չենք անելու, վստահ ենք, որ այդ գործը մեզ մոտ լավ չի ստացվի:

Ժամանակի կառավարման խնդիրներից հաջորդը մեր «ժամանակի գողերին» չճանաչելն է: Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք ինչ-որ սովորություններ, շփումներ, տարբեր մարդիկ, որոնք հանդիսանում են մեր «ժամանակի գողերը» և չարդարացված ժամանակ են տանում:

Բացի այս բոլոր վերլուծություններից, մեզ պետք է վերլուծել մեր օրը: Այս ընթացքում շատ օգտակար է մեր խնդիրները բաժանել 4 խմբի.

  1. կարևոր-հրատապ գործեր
  2. կարևոր- ոչ հրատապ գործեր
  3. ոչ կարևոր, բայց հրատապ գործեր
  4. ոչ կարևոր և ոչ հրատապ գործեր

Կարևոր-հրատապ գործերի մեջ կարող են լինել գործեր, որոնք տհաճ են և մենք չենք ուզում դրանք անել: Խորհուրդ է տրվում տհաճ գործերն անել ամենաառաջինը, որպեսզի կարողանանք ազատել մեր օրն այդ տհաճությունից և թեթևությամբ անցնել օրվա մյուս գործերին:

Դիտեք նաև՝

Search