Play Video

Սթրեսը պատկերավոր կերպով կարելի է ծառի տեսքով նկարագրել: Ծառի սաղարթը սթրեսի ախտանշաններն են, պտուղները՝ սթրեսից առաջացած հիվանդություններն են, ծառի բունը սթրեսի առաջին փուլն է՝ լարվածությունն ու տագնապը, ծառի արմատները սթրեսի պատճառներն են:

Սթրեսի կառավարման երեք ռազմավարություն կա: Առաջին մոտեցումը սիմպտոմար ռազմավարությունն է՝ ախտանշանների վերացումը: Ինչպես և ծառի սաղարթը ոչնչացնելու դեպքում, սթրեսի ախտանշանները վերացնելը չի օգնի սթրեսի հաղթահարմանը: Այս մոտեցումն, այնուամենայնիվ, տարածված է. տարատեսակ դեղամիջոցներն օգնում են հաղթահարել տարատեսակ ախտանշանները, մինչդեռ հոգեթերապիան ժամանակատար գործընթաց է: Երկրորդ ռազմավարությունը վերաբերում է լարվածության նվազեցմանը: Այն արդյունավետ է, քանի որ մարդու կյանքում առկա սթրեսի որոշակի մակարդակ վերացնել հնարավոր չէ: Լարվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ մեթոդը ֆիզիկական ակտիվությունն է, մյուսը՝ ռելաքսացիոն տեխնիկաները: Սթրեսի կառավարման երրորդ ռազմավարությունն է սթրեսի պատճառների վերացումն է: Էական դեր է խաղում անհատի վերաբերմունքը սթրեսածին գործոնին, քանի որ այն անմիջապես ազդում է նրա արձագանքի վրա: Սթրեսի կառավարման լավագույն միջոցներից մեկն է մտածողության, աշխարհայացքի ընդլայնումն ու զարգացումը: Յուրաքանչյուր մարդ կարող է ընդլայնել սթրեսի կառավարման իր հնարավորությունները:

Մտածողության մեջ առկա տարբեր կարծրատիպեր խանգարում են մարդկանց կառավարել սեփական սթրեսը: Օրինակ, երևույթների ֆետիշացումը խանգարում է դրանց հետ կապված խնդիրների հաղթահարմանը: Ցանկացած երևույթ գերարժևորելու դեպքում մարդ զգայուն է դառնում դրա հետ կապված սթրեսածին գործոնների հանդեպ: Սթրեսի կառավարման համար կարևոր է կարողանալ բոլոր ոլորտներից դրական էներգիա ստանալ: Մարդ պիտի կարողանա բաց գտնվել կյանքի տարբեր ոլորտների հանդեպ ու կարծրատիպերով չդատել դրանց մասին: Ինտելեկտուալ ունակությունների զարգացումը սթրեսի կառավարման լավագույն տարբերակներից մեկն է:

Հնարավոր չէ նկատել մեր կյանքի բոլոր սթրեսները: Տարատեսակ սթրեսածին գործոններ ժամանակի ընթացքում աննկատելի են դառնում մեզ համար, ինչպես, օրինակ, ժամասլաքի շարժումը: Մարդ սովորում է սթրեսորին, սակայն այն շարունակում է իր ազդեցությունն ունենալ: Այդպիսի սթրեսորները առավել բացասական ազդեցություն են ունենում մարդու վրա: Սուր սթրեսի պահին մարդ մոբիլիզացնում է իր ուժերը, իսկ միջին մակարդակի կայուն սթրեսորին նա սովորում է և չի դիմակայում:

Դիտեք նաև՝

Search