Հոգեբանության ուշադրության կենտրոնում է մարդու ինքնագիտակցության հարցը: Քսաներորդ դարի սկզբին Ուիլյամ Ջեյմսն առաջարկեց ինքնագիտակցությունը բաժանել երկու հիմնական հասկացությունների՝ «I» (ռեֆլեքսիվ «Ես») և «Me» (էմպիրիկ «Ես»): Այս մոտեցումը շարունակում է Մայքլ Լյուիսը՝ էկզիստենցիալ «Ես»-ի իր տեսությամբ: Բաումմայստերն առաջարկում է ինքնագիտակցությունը բաժանել փորձի երեք տեսակի՝ ռեֆլեքսիվ, միջանձնային և կատարողական «Ես»-երի: Ռեֆլեիքսիվ «Ես»-ն ակտիվ է ինքնահայեցողության պահերին, միջանձնաին «Ես»-ն ակտիվ է փոխհարաբերությունների ընթացքում, իսկ կատարողական «Ես»-ը կապված է կամքի՝ ինքնահաղթահարման և որոշումների հետ: Ռոջերսն առաջին հոգեբանն էր, որը «Ես» կոնցեպցիան կիրառեց թերապիայի մեջ: Նա տարբերակեց «Ես»-ի իրական և իդեալական ասպեկտները: Իրական «Ես»-ը մարդու ներկա իրավիճակն է, իսկ իդեալականը՝ նրա ձգտումները:
Ընդհանուր առմամբ «Ես» կոնցեպտում առանձնանում է երեք հիմնական բաղկացուցիչ ասպեկտ՝ ճանաչողական, հուզական և վարքային: Ճանաչողական ասպեկտը կապված է մարդու՝ իր մասին ունեցած պատկերացումների հետ, իսկ հուզական տարրը գնահատում է ճանաչողական «Ես»-ի ունեցած տեղեկությունները: Վարքային ասպեկտը, հիմնվելով ճանաչողականի բովանդակության և հուզականի գնահատականների վրա, ձևավորում է մարդու վարքագիծը:
«Ես» կոնցեպտում առանձնացնում են նաև ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական «Ես-երը: Ֆիզիկական «Ես»-ը մարդու կողմից արտացոլված և գնահատված մարմնական պատկերն է: Սոցիալական և հոգեբանական «Ես»-երը ժամանակակից հոգեբանության մեջ վերանայված և վերանվանված են սոցիալական և հոգեբանական ինքնությունների (identity): Սոցիալական ինքնության ուսումնասիրությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի ազգային, էթնիկ ինքնության հետազոտումը:
«Ես»-ի ձևակեպումները բազմատեսակ են և երբեմն հակասում են իրար: