Համոզմունք կա, որ ռացիոնալ մտածող մարդը կարող է երջանիկ լինել և բավարարված լինել իր կյանքով: Ալբերտ Էլիսն ասում է.
«Ինչպես մենք մտածում ենք, այդպես էլ մեզ զգում ենք»:
Շատ կարևոր է, որ մեր մտքերը լինեն հնարավորինս ճկուն, պրոգրեսիվ, լավատեսական և հնարավորինս դինամիկ՝ փոփոխվող: Սա է ռացիոնալ մտածողությունը:
Ի տարբերություն ռացիոնալ մտածողության՝ իռացիոնալ մտածողությունն ավելի ռեգրեսիվ է, ավելի հոռեսետեսական և ավելի կայուն է: Իռացիոնալ մտածողության մեջ հաճախ են կիրառվում «պիտի», «պարտավոր եմ», «բոլորը», «միշտ», «առհասարակ», «չպիտի» բառերը, որոնք կարծրացնում են միտքը: Եթե մարդը մտածում է նման կառույցներով, ապա նա ինքը սահմանափակում է իր մտահորիզոնը և ինքն իրեն այլ կերպ մտածելու հնարավորություն չի տալիս:
Մարդու իռացիոնալ մտածողությունը հանգում է երեք գաղափարի, որոնցից առաջինը հնչում է հետևյալ կերպ. «Ես պետք է միշտ և ամեն ինչում կոմպետենտ լինեմ», երկրորդը՝ «Դուք պարտավոր եք ինձ հարգել, և եթե դուք ինձ չեք հարգում, հետևաբար դուք վատ մարդ եք», երրորդ գաղափարը հնչում է այսպես ՝ «Աշխարհը պարտավոր է ինձ տալ ամեն ինչ, ինչ ես ուզում եմ և այն պահին, երբ ես ուզում եմ»:
Այս երեք իռացիոնալ գաղափարները հիմք են հանդիսանում առհասարակ մեր իռացիոնալ հայացնքների, գաղափարների, մոտեցումների և սրանցից է կախված կյանքի և աշխարհի հանդեպ մեր վերաբերմունքը: