Զգայությունը մի գործընթաց է, որում արտացոլվում է առարկայի որևէ օբյեկտիվ հատկանիշ` որևէ վերլուծիչի վրա որևէ ազդեցության ընթացքում (լույսի, գույնի, ձայնի զգայություն և այլն): Պերցեպցիան՝ ընկալումը, թերևս, ամբողջական է, և իրար նայելով՝ մարդիկ համայն պատկեր են տեսնում, ոչ թե առանձին հատկանիշներ: Զգայությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ այն մեխանիզմները, որոնք կապված են մարդու զգայական ընկալման և տեղեկությունների մեկնաբանման համար:
Ամբողջի ու առանձինի հարաբերութունը խնդրահարույց է. նախորդ դարի որոշ հատվածում առաջնային են համարվել առանձին զգայությունները: Գեշտալտ (Gestalt՝ ձև, պատկեր, դաշտ) հոգեբանության մեջ զարգացավ ընկալման ամողջության առաջնայինության դրույթը: Գեշտալտ հոգեբանների պնդմամբ մարդկային ընկալումն ընթանում է ֆիգուրի և ֆոնի առանձնացման միջոցով:
Զգայությունների հետազոտությունների մեծ մասն արված է տեսողական վերլուծիչի վերաբերյալ: Տեսողական վերլուծիչն ամենամեծ կշիռն ունի տեղեկությունների ընկալման գործում: Այնուամենայնիվ, ուսումնասիրվում են բոլոր զգայությունները՝ տեսողություն, լսողութություն, հոտառություն, համ և շոշափելիք: Սրանք էն էքստերոցեպտիվ (արտաքին) զգայությունները, որոնցից բացի կան նաև ինտերոցեպտիվ (ներքին) զգայությունները՝ ներքին օրգաններից եկող, և պրոպրիոցեպտիվ զգայությունները, որոնք մարդուն տեղեկացնում են մարմնի սխեմայի և դիրքի մասին: Զգայությունների հետ կապված կարևորագույն հասկացություններից է շեմը՝ բացարձակ և հարաբերական: Բացարձակ ստորին շեմն այն նվազագույն ազդեցության քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ զգայության առաջացման համար: Բացարձակ վերին շեմըն այն առավելագույն քանակն է, որից հետո զգայությունը վերանում է կամ փոխվում: Տարբերակման շեմն այն փոքրագույն փոփոխությունն է, որն ընկալելի է մարդու համար: Ենթաշեմային են այն զգացողությունները, որոնք, մնալով ընկալման շեմից ներքև, գիտակցության վրա որևէ ազդեցություն են ունենում:
Զգայությունների հետ է կապված մտապատկերի հասկացությունը: Այն զգայության՝ հիշողության մեջ ամրագրվող պատկերն է, որը հետզհետե փորձ է դառնում՝ հետադարձ ազդելով յուրաքանչյուր նոր ընկալման վրա:
Ընկալումները բնորոշվում են կառուցվածքայնությամբ, իմաստավարվոածությամբ, առարկայականությամբ և կատեգորիալությամբ: Ընկալման կառուցվածքայնությունը ընկալման կառուցվածքային հատկանիշների ընկալումն է և հիշողության մեջ պահպանումը: Ընկալման կատեգորիալությունը ենթադրում է, որ մարդն ընկալում է ոչ թե ինֆորմացիայի պարզ հոսք, այլ դասակարգում է այն: Կատեգորիալությունը երբեմն դրդում է չափազանցված ընդհանրացման: Ընկալման ամբողջականությունը դրդում է մասի հետ առնչվելով ամբողջական պատկերի ընկալմանը: Զգայարանների միջև ակտիվ փոխազդեցություն է ընթանում, որը թույլ է տալիս մի զգայություն բնորոշել մի այլ զգայությամբ: Երբեմն այն վերածվում է խանգարող հանգամանքի (ՄաքԳուրքի էֆեկտ):