1981թ.-ին ամերիկացի հոգեբան Հովարդ Գարդները նախաձեռնեց մի գիտական քննարկում, որի թեման հետևյալ պնդումն էր. մարդն իր բնույթով օժտված է ոչ թե մեկ ընդհանուր մտածողությամբ, ինչպես ճանաչված էր ավանդաբար, այլ մի շարք համեմատաբար անկախ մտածողության տեսակներով։ Նա կարծում էր, որ ինտելեկտի ընդունված հայեցակարգը չափազանց նեղ է և սահմանափակող, և որ IQ-ի չափումները հաճախ բաց են թողնում այլ «ինտելեկտներ», որոնք անհատը կարող է ունենալ: 1983թ-ին լույս տեսած «Բանականության կառուցվածքը. բազմաբնույթ մտածողության տեսություն» գրքում նա առանձնացնում է մտածողության յոթ հիմնական տեսակները՝
- Լեզվական-վերբալ ինտելեկտ,
- Տրամաբանական-մաթեմատիկական ինտելեկտ,
- Տեսողական-տարածական ինտելեկտ,
- Կինեսթետիկ-մարմնական ինտելեկտ,
- Երաժշտական ինտելեկտ,
- Միջանձնային ինտելեկտ,
- Ներանձնային ինտելեկտ,
- Նատուրալիստական-բնական ինտելեկտ։
Ըստ Գարդների՝ մենք բոլորս կարող ենք ունենալ այս ինտելեկտները, բայց ինտելեկտի մեր պրոֆիլը կարող է տարբերվել անհատապես՝ ելնելով մեր գենետիկայից կամ փորձից:
Գարդների տեսությունը թերևս ամենամեծ ազդեցությունն ունեցել է կրթության ոլորտում՝ ի զարմանս հեղինակի, որն այն մշակել էր՝ մարտահրավեր նետելու ակադեմիական հոգեբաններին, և, հետևաբար, շատ կրթական առաջարկներ չէր ներառել: Մտածողության նրա հայեցակարգը՝ որպես ավելին, քան մեկ հատկանիշ, դռներ է բացել հետագա հետազոտությունների և տարբեր մտածելակերպերի համար: Հետազոտող Մինդի Լ. Կորնհաբերը ենթադրել է, որ նրա տեսությունն այսքան տարածված է կրթության ոլորտում, քանի որ այն վավերացնում է մանկավարժների առօրյա փորձը. ուսանողները մտածում և սովորում են տարբեր ձևերով: Բազմաբնույթ մտածողության տեսության ամենակարևոր կրթական հետևանքները կարելի է ամփոփել անհատականացման և բազմակարծության միջոցով: