Play Video
24. Գիտելիք և զարգացում. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Հաճախ մենք գիտելիքը շփոթում ենք զարգացման հետ: Սակայն դրանց միջև էական տարբերություն կա, քանի որ գիտելիքը ոչ միշտ է խոսում զարգացման մակարդակի և հնարավորությունների մասին: Գիտելիքը կարող է պարզապես պաշարի տեսքով հավաքվել և դա կդառնա կոնկրետ որակ, գործողություն և հնարավորություն, եթե շաղախվի ինտելեկտուալ կարողությունների և ինքնուրույնության հետ: Շատ հաճախ ծնողները, փորձելով երեխաներին զարգացնել, տարբեր բաների մասին գիտելիքներ են տալիս երեխային և կարծում են, որ դրանով երեխան պետք է ավելի կարող և ուժեղ դառնա: Սակայն գիտելիքներ պաշարելու համար կարող է անհրաժեշտ լինել միայն մեխանիկական հիշողություն. մարդը կարող է ունենալ մեխանիկական հիշողություն և շատ տարբեր տեղեկություններ կուտակել ու հիշել, սակայն դրանք կիրառելու գործնական հնարավորություններ չունենա:

Գիտելիքը պետք է առաջին հերթին լինի երեխայի տարիքին համապատասխան:

Այն բոլոր նյութերն ու առարկաները, որոնք շրջապատում են երեխային, ճանաչելի և հասանելի են երեխայի համար, կարող են երեխայի կողմից ճանաչվել, ուսումնասիրվել և դրանց մասին գիտելիքները երեխան կարող է յուրացնել, համապատասխան են երեխայի տարիքին: Այն առարկաներն ու երևույթները, որոնք երեխայի տեսադաշտից հեռու են, նրա տարիքին համապատասխան չեն: Այն գիտելիքները, որոնք երեխան ձեռք է բերում, բայց տվյալ կյանքի պայմաններում չի կարող կիրառել, սա ցուցանիշ է, որ այդ գիտելիքը երեխայի տարիքին համապատասխան չէ:

Գիտելիքը պետք է լինի կենդանի:

Երեխան պետք է հնարավորություն ունենա կիրառել, փորձել և ստուգել իր գիտելիքը, ինչպես նաև կարողանա օգտագործել դրա հնարովորությունները: Գիտելիքը պետք է երեխայի համար ինքնուրույնության և մեկ այլ անձի օգնությամբ կատարելու հնարավորության սահմանագծին լինի. որոշակի տարիքում երեխան ունի կոնկրետ գիտելիքներ և հնարավորություններ, որոնք ինքնուրույն կարող է իրականացնել, կան նաև այնպիսի գործողություններ, որ երեխան կարող է կատարել մեկ այլ անձի օգնությամբ: Այս տիրույթից դուրս կա գործողությունների անծայրածիր մի դաշտ, որոնք երեխան չի կարող իրականացնել ոչ ինքնուրույն, ոչ մեկ այլ անձի օգնությամբ: Երեխայի ուսոցման գործընթացը պետք է լինի այս «ինքնուրույնի» և «օգնությամբ կատարելու» սահմանագծին: Միայն այս տիրույթում գտնվող գիտելիքներն են կարող հնարավոր և մատչելի լինել երեխայի համար:

Դիտեք նաև՝

Search