Մարդու հուզական ոլորտը նկարագրելու համար հոգեբանության մեջ բազմաթիվ եզրեր կան՝ հուզական վիճակներ, հույզեր, աֆեկտ, տրամադրություն, սթրես և այլն: Հույզերն, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես մարդու արձագանքն իրավիճակին՝ ապրումների ձևով: Հույզերը գիտակցված և հարաբերականորեն կարճատև արձագանք են համարվում: Հոգեբանության մեջ ընդունված է տարբերակել բազային հույզերը՝ զարմանք, զայրույթ, զզվանք, ուրախություն, տխրություն, վախ: Բազային հույզերը հիմք են կազմում բազմաթիվ այլ հուզական բարդ վիճակների համար: Ամեն բազային վիճակ ունի սեփական ֆիզիոլոգիական և դիմախաղային արտահայտումները, կոգնիտիվ տարրերը և այլն: Հույզերի ուսումնասիրությունը մտնում է նաև մշակութային հետազոտությունների դաշտ: Կարծիք կա, որ բազային հույզերն ունիվերսալ են և միաձև են արտահայտումների առումով, սակայն հետազոտություններ կան, որ ցույց են տալիս դրանց տարբերությունն ըստ մշակույթների:
***
Հույզերի ֆունկցիոնալիստական տեսությունը պնդում էր, որ հուզական ապրումը երկրորդական է, իսկ առաջնայինը ֆիզիոլոգիական ռեակցիաներն են: Էվոլյուցիոնիստական մոտեցումը հույզերը դիտում է կենսապահովման համար անհրաժեշտության տեսակետից: Հույզերի հասարակամշակութային տեսությունները պնդում են, որ հուզական էքսպրեսիան չի կարելի դիտարկել համապատասխան համատեքստից դուրս: Հույզերի կոգնիտիվ տեսությունը հույզը դասում է ճանաչողական գործողություններին: Մտքի և հույզի կապի և տարանջատումն առանձնահատուկ կարևորություն ունի թերապևտիկ գործընթացներում: