5-7 տարեկանը մահվան վախի տարիքն է: Այս տարիքում գրեթե բոլոր երեխաները սկսում են մտածել մահվան մասին: Ինչու՞. որովհետև սա այն տարիքն է, երբ երեխան սկսում է հասկանալ մահվան երևույթի անդառնալիությունը: 5 տարեկանից ի վեր երեխաները սկսում են ընկալել մահվան անդառնալիությունը և հասկանում են, որ մահացած մարդը այլևս երբեք չի վերադառնալու: Բնականաբար, երևույթի ընկալման հետ զուգահեռ սկսում է ի հայտ գալ դրա նկատմամբ վախը: Եթե այս տարիքում երեխան հարազատ է կորցնում, մահվան վախը կարող է խիստ արմատավորվել և վերածվել նևրոտիկ բնույթի կպչուն վախի: Երեխայի հետ մահվան մասին պետք է խոսել հենց այս տարիքում, երբ նա սկսում է ակտիվ կերպով մահվան շուրջ հարցադրումներ անել:
Երեխաները տարբեր տարիքներում տարբեր կերպ են ընկալում մահվան գաղափարը: Քանի որ մինչև 5 տարեկանը երեխաները մահվան գաղափարը չեն ընկալում, ապա մինչև այդ տարիքը կարելի է երեխային ինչ-որ հեքիաթային պատմություններով բացատրել մահվան գաղափարը: 5 տարեկանից հետո պետք է փորձել երեխային ավելի ռացիոնալ բացատրություններ տալ, քանի որ մնացած բոլոր բացատրությունները նրան այլևս չեն համոզի:
Մահվան մասին պետք է խոսել, երբ երեխայի հարազատներից մեկը մահանում է: Երեխային պետք չէ ստել իր հարազատի մահվան մասին և ցանկալի է նրան տեղյակ պահել որքան հնարավոր է շուտ, որպեսզի երեխան կարողանա իր հարազատների հետ միասին անցնել վշտի բոլոր փուլերը:
Շատ կարևոր հարց է՝ արդյո՞ք պետք է երեխային մասնակից դարձնել մահվան հետ կապված արարողություններին:
Սա ևս կապված է երեխայի տարիքի հետ: Ամեն տարիքում երեխային մասնակից չենք դարձնի այդ գործընթացներին, բայց շատ կարևոր է հաշվի առնել երեխայի ցանկությունը: Ինչպե՞ս է հնարավոր դա անել: Եթե երեխայի հարազատներից որևէ մեկը մահացել է, ապա երեխայի ընտանիքի անդամներից մեկը պետք է երեխայի կողքին լինի և նրան հայտնի այս տեղեկությունը: Տեղեկությունը հայտնելուց հետո պետք է բաց լինել ընդունելու երեխայի բոլոր էմոցիոնալ դրսևորումները, թույլ տալ, որպեսզի երեխան լաց լինի, հայտնի իր բողոքը այնպես, ինչպես կարող է: Ապա պետք է երեխային հարցնել՝ արդյո՞ք նա ցանկանում է մասնակցել մահվան արարողություններին: Շատ կարևոր է երեխային իրական պատկերացումներ տալ՝ ինչ է նա տեսնելու արարողության ժամանակ, պետք է պատմել, որ այնտեղ նա տեսնելու է հանգուցյալին, պատմել, որ մարդիկ լաց են լինելու, քանի որ շատ են սիրում հանգուցյալին և կարոտելու են նրան: Եթե երեխան մասնակցելու ցանկություն է հայտնում պետք է նրա կողքին լինել, նրա հետ գնալ արարողությանը և ապա որոշ ժամանակ հետո հեռանալ և մնալ նրա կողքին, իսկ եթե երեխան մերժում է մասնակցել, ապա պետք է հարգել նրա ցանկությունը: