Քաղաքականի ավարտի կամ քաղաքականի չեզոքացման հիմնահարցը 70-80-ական թթ. դարձյալ մուտք գործեց ասպարեզ՝ առանձնացնելով երկու դիտանկյուն՝ քաղաքականության մահվան ու ավարտի վերաբերյալ հոռետեսական դիտանկյուն և քաղաքականության մահվան ու ավարտի վերաբերյալ օպտիմիստական կամ լավատեսական տեսանկյուն: Երեք հիմնական մտածողներ այս հարցի շուրջ խորհել են: Առաջինը ֆրանսիացի հայտնի փիլիսոփա ու մտածող Ժան Բոդրիյարն է, ով իր «Լռող մեծամասնությանը» վերաբերող աշխատության մեջ խոսում է ոչ միայն քաղաքականության ավարտի, այլ ըստ էության քաղաքականության և սոցիալականի մահվան մասին: Բոդրիյարը համոզված էր, որ ժամանակակից աշխարհում մենք գործ ունենք ոչ թե հասարակության, ոչ թե դասակարգերի հետ, այլ գործ ունենք մասսայի հետ՝ զանգվածի: Զանգվածը մի սոցիալական ֆենոմեն է, որն անգամ սոցիալական էլ չես համարի, որովհետև այն ամեն ինչ կլանում է և չեզոքացնում: Զանգվածի հետ ռացիոնալ հաղորդակցություն հնարավոր չէ, որովհետև զանգվածը ոչ այնքան փորձում է փնտրել իմաստ, որքան նրան հետաքրքրում է հանդիսանքն ու հանդիսախաղը: Այսինքն նա ավելի շուտ փնտրում է զվարճություն, քան թե փորձում է գործողության իմաստ փնտրել և գործողություն ձեռնարկել: Այնինչ 18-րդ դարի արևմտաեվրոպական մտքի հիմնական շեշտադրումն այն էր, որ քաղաքականությունն ու քաղաքական գործողությունները միտված են փոխելու սոցիալական իրականությունը:
Բոդրիյարի համոզմամբ անդրքաղաքական կամ քաղաքականությունից անդին լինելու վիճակը մի վիճակ է, երբ, ըստ էության, քաղաքականությունը արդեն մահացել է, և ինչպես մահվանից հետո օրեր անց մահացած մարմնի վրա շարունակում են աճել մազերը, եղունգները, ապա նույնը նաև քաղաքականությունն է: Այն կարծես թե մահացել է, բայց շարունակում է ինքն իրեն վերարտադրել. գործողությունները ու պրոցեսները, որոնք թվում է քաղաքական են, իրականում քաղաքական էլ չեն, կեղծարքներ են…
Մուֆի համոզմամբ, մերժելով Շմիդթի քաղաքականի ըմբռնումը, (երբ սոցիալական իրականությունը միշտ պոտենցիալ կերպով կոնֆլիկտային է և երբեք չի կարող լինել համերաշխական բացարձակ իմաստով) և՛ Դեյվիդ Հելդը, և՛ Բեգն ու Գիդդենսը, և նաև Ջոն Ռոսը մեծ հաշվով մեզ տանում են մի հանգրվանի, ուր քաղաքական երևույթները բնութագրվում են ոչ թե քաղաքական եզրույթներով, օրինակ՝ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ, այլ փորձում են որակվել բարոյական եզրույթներով, օրինակ՝ երբ դուք ձեր քաղաքական հակառակորդին որակում եք չար, բարի, լավ կամ վատ: Սրանք որակումներ են, որոնք բարոյականության դաշտից են, և Մուֆի կարծիքով այս հետքաղաքական (նա անվանում է հետաքաղաքական, որովհետև քաղաքական միջոցները այլևս անհրաժեշտ չեն սոցիալական փոփոխությունները իրականացնելու համար) տեսակետը ի վերջո հանգեցնում է հակաքաղաքական տեսակետի, ինչը պարզապես վտանգավոր է ցանկացած սոցիալական իրականության համար…
Գրականության ցանկ
1. Бодрийар Жан, В тени молчаливого большинства, или конец социального/ В кн.: Призрак толпы, М., 2008.
2. Вирно Паоло, Грамматика Множества. К анализу форм современной жизни, М., 2013.
3. Der Virus der Transparenz. Gespräch mit Jean Boudrillard, Im: Dekonstruktion und Destruktion, Zürich-Berlin, 2006.
4. Mouffe Chantal, On the Political, London, 2005.