Հեղափոխության առաջին ազդակը պառլամենտի աշխատանքի դադարեցումն է, ինչի հետևանքով իշխանության վրա ազդելու գործիքակազմը խորհրդարանից տեղափոխվում է փողոց: Կան հեղափոխության քաղաքական և պատմական ընկալումներ, որոնք հեղափոխությունը դիտարկում են տարբեր դիսցիպլինների շրջանակներում՝ պատմությունից մինչև սոցիոլոգիա, մշակութաբանություն, մարդաբանություն: Հեղափոխության պատճառներ կարող են լինել սոցիալական, տնտեսական հարաբերությունների խնդիրները, աշխարհաքաղաքական հարցերը, քաղաքական կոռումպացվածությունը:
Քաղաքական կոնտեքստում հեղափոխության պատճառը քաղաքական համակարգի կոռումպացված, ոչ ադեկվատ վիճակն է. համակարգը չի պատասխանում և չի արձագանքում հասարակության հարցերին: Այս կոնտեքստում իշխանությունները պետք է արձագանքեն խորհրդարանի միջոցով, որն ունի երեք ֆունկցիա՝ օրենսդիր իշխանություն, ներկայացուցչական դերակատարություն, գործադիրի վերահսկողություն:
Պառլամենտի հիմնական ֆունկցիան քաղաքական հարաբերությունների կապիտալիզացիան է, և այն ինքնին քաղաքական ֆենոմենի առարկայական դրսևորումն է: Երբ պառլամենտը դադարում է լինել քաղաքական մարմին, հասարակության մարտահրավերներն արձագանք չեն ստանում, և իշխանության հետ հարաբերությունների ֆորմատը փոխվում է:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական դրդապատճառներից մեկն այն էր, որ խորհրդարանն այլևս չէր արտահայտում հասարակական տրամադրությունները և ի վիճակի չէր սպասարկել հասարակության ու քաղաքական հարաբերությունները, քանի որ խորհրդարանը ձևակերպվել էր կոնկրետ անձի շահախնդրությամբ: Խորհրդարանը դադարեց լինել քաղաքական հարաբերությունների արտահայտման վայր, որտեղ քաղաքական ուժերը մրցում են և արտահայտում հասարակության ընկալումները:
Հիմա հնարավորություն կա վերանայելու «ապաքաղաքական» քաղաքականությունը, որը քանդում է պետության հիմքերը: Այս պարագայում իշխանությունն այս խնդիրները լուծելու հանձնառություն ունի: